Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնում ենք նախագծի հիմնական նորամուծությունները:

Անցում բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգին՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր

Ներկայիս համակարգը նախատեսում է երկաստիճան՝ բակալավր-մագիստրոս որակավորումների համակարգ։ Ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական, մինչդեռ Եվրամիության անդամ բոլոր 27 պետություններում այն ներդրված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան, որի ավարտին շնորհվում է դոկտորի որակավորում։ Երկաստիճան համակարգից արդեն հրաժարվել են որոշ հետխորհրդային երկրներ, որոնց թվում՝ Վրաստանը, Ղազախստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։ Ռուսաստանի Դաշնությունում, որը նույնպես Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի անդամ է, դարձյալ աստիճանական անցում է իրականացվում միաստիճան համակարգի. 28 առաջատար բուհերի և հետազոտական ինստիտուտների իրավունք է վերապահվել շնորհելու դոկտորի (PhD) գիտական աստիճան։ Այդ բուհերն այժմ ազատ են սահմանելու ընդունելության, խորհուրդների ձևավորման, աստիճանաշնորհման և այլ պահանջներ ու ավելի ճկուն մոտեցումներ։

Օրենքի նախագիծը նախատեսում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։ Ըստ այդմ՝ այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ։