Փետրվարի 23-25-ը Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում կանցկացվեն Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունները:

Տղամարդկանց մրցաշարն այս տարի ունի 22 մասնակից, իսկ կանանցը՝ 19, ընդ որում՝ տարիքային սահմանափակում չկա. կրտսեր սերնդի ներկայացուցիչները ևս կմասնակցեն մեծահասակների ծրագրով անցկացվող առաջնությանը: Այսօր տեղի է ունեցել գործիքների փորձարկումը, փետրվարի 24-ից կմեկնարկեն բուն մրցումները, իսկ փետրվարի 25-ին նախատեսված են եզրափակիչները: Սպորտային մարմնամարզիկների համար այս առաջնությունը տարվա առաջին ստուգատեսն է:

Նշենք, որ տղամարդկանց առաջնության բազմամարտի գործող չեմպիոնն Արթուր Դավթյանն է, որը Հայաստանը ներկայացնելու է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում, իսկ կանանց բազմամարտում նախորդ տարի լավագույն արդյունքը գրանցել է Աննա Գրիգորյանը:

Հավելենք՝ ի սկզբանե նախատեսված էր, որ Հայաստանի առաջնությունից հետո սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը պետք է մասնակցեր մարտի 10-13-ը Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, սակայն այն հետաձգվել է դեռևս անորոշ ժամանակով: