Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին փետրվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու Նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝ Kol Nidrei, Սեն-Սանսի Թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան:

Միշա Մայսկին աշխարհի լավագույն թավջութակահարներից է, միակը, որն ուսանել է երկու մեծագույն վարպետների՝ Մ. Ռոստրոպովիչի և Գ. Պյատիգորսկու մոտ: Երաժիշտն առաջին անգամ Հայաստան է եկել 2007 թ.-ին` «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հրավերով։

Մայսկին ծնվել է Ռիգայում, ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է: «Deutsche Grammophon»-ի բացառիկ արտիստներից է, վերջին 25 տարիների ընթացքում 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Փարիզի, Նյու Յորքի կամերային «Orpheus» և այլ նվագախմբեր: Նա առաջին երաժիշտն է, որը ձայնագրել է Յ. Ս. Բախի՝ թավջութակի համար գրված բոլոր ստեղծագործությունները: Մայսկու ձայնագրությունները բարձր գնահատական են ստացել քննադատների կողմից և արժանացել հեղինակավոր մրցանակների՝ ճապոնական Record Academy Prize (5 անգամ), Echo Deutscher Schallplattenpreis (3 անգամ), Grand Prix du Disque и Diapason d’Or of the Year, և բազմիցս հավակնել են «Գրեմմի» մրցանակի: