ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստման գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։
Ծրագրի շրջանակում փորձառու վարպետ նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ Սադոևները նվագարանագործության խմբերից մեկում աշակերտներին ուսուցանել են լարային նվագարանների պատրաստման, վնասված մասերի վերանորոգման և վերականգնման հմտություններ, ինչպես նաև տվյալ ընտանիքի նվագարանին անհրաժեշտ բնական հումքի տեսակների փայտամշակման գաղտնիքները, փայտի չորացման և առանձին դետալների պատրաստման գործընթացը (դուդուկի, շվիի, զուռնայի ղամիշներ, պիպիչներ և այլն): Աշակերտների մյուս խմբում ուսուցանվել են քանոնի, քամանչայի և թառի համեմատաբար պարզ մասերի, գործիքի կմախքների և առանձին դետալների (միդիատորներ, հենակներ, ականջներ) պատրաստման, նվագարանների վերանորոգման հմտություններ:
Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը կարևորվում է ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառներից մեկի՝ ազգային նվագարանագործության կենսունակության ապահովմամբ, ինչպես նաև այդ արվեստի գիտելիքների ու հմտությունների բնականոն փոխանցման խթանմամբ։