Օրերս Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն այցելել են Հայաստանի «Կարմիր խաչ» ընկերության «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն, որտեղ բուժում են ստանում 2020 թ. արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը և բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանը: Այցի ընթացքում Մ. Գրիգորյանը կարդացել է Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծություններից, իսկ Էդուարդ Զորիկյանի կատարմամբ հնչել են իր հեղինակային երգերը: Արվեստագետները պատմել են նաև դրվագներ իրենց ստեղծագործական կյանքից:

Հիշեցնենք, որ «Բալասան» խորագրով գրադարանի հեղինակային ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Ապաքինող մշակույթ» ծրագրի շրջանակում: