«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» (ԿԶՀՀ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ այս տարի ևս իրականացնելու է «Սպորտային սերունդ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 25 հանրակրթական դպրոց համալրել 1 մլն-ական դրամ արժողությամբ սպորտային գույքով, կազմակերպել միջոցառումներ՝ իրազեկելով առողջ ապրելակերպի կարևորության մասին, խթանելով հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավումը սպորտային միջոցառումներում:

Ուսումնական հաստատությունները մարզագույքով համալրելու մրցույթին կարող են մասնակցել Երևանում և հանրապետության մարզերում գործող բոլոր հանրակրթական դպրոցները` մինչև 2021 թ.-ի մարտի 15-ը սպորտի կարևորության, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային հաջողությունների, նրանց՝ համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին պատմող և 10 րոպեն չգերազանցող տեսանյութեր ուղարկելով concours@af4sd.org էլ. հասցեին: Այն դպրոցները, որոնք 2020 թ.-ին մասնակցել են մրցույթին, սակայն չեն ընտրվել հանձնաժողովի կողմից, կարող են կրկին մասնակցել՝ ներկայացնելով նոր տեսանյութ, իսկ անցյալ տարվա նույնանուն մրցույթում հաղթող ճանաչված դպրոցները չեն կարող դիմել:

Մրցույթի մասնակցության պայմանները

  • ցանկալի է ներկայացնել աշակերտների նկարահանած սիրողական տեսանյութեր,
  • հոլովակում աղջիկների և տղաների հավասար մասնակցությունը պարտադիր է, դպրոցի անձնակազմը ևս կարող է մասնակցել նկարահանումներին՝ տեսահոլովակում աշակերտներին աջակցելու համար,
  • անհրաժեշտ է ցույց տալ դպրոցի սպորտային պայմանները (դահլիճ, մարզագույք), առկայության դեպքում նշել սպորտի ոլորտում աշակերտների նվաճումները և ներկայացնել սպորտի դերն աշակերտների կյանքում,
  • հստակ ներկայացնել մարզագույքի կարիքը դպրոցում:

Առանձնակի ուշադրության կարժանանան այն տեսահոլովակները, որտեղ կմասնակցեն կրթական հատուկ կարիքներ, հաշմանդամություն ունեցող և փախստական (Սիրիա, Իրաք), ինչպես նաև Արցախից տեղահանված աշակերտները:

Ընտրության կարգը

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» կընտրի վերոնշյալ պայմաններին համապատասխանող տեսանյութեր, որոնք կներկայացվեն մրցութային հանձնաժողովի քննարկմանը: ԿԶՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը կկազմի լավագույն տեսանյութերն ուղարկած դպրոցների համառոտ ցանկ, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կիրականացնեն այցելություններ այդ դպրոցներ՝ պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով: Տեսանյութերի և այցելությունների հաշվետվությունների հիման վրա մրցութային հանձնաժողովը կհայտարարի հաղթող 25 դպրոցների անունները:

Տեսանյութը պետք է ուղարկել դպրոցի կողմից էլեկտրոնային նամակով՝ որպես նամակի նպատակ նշելով «Սպորտային սերունդ»-ՄՐՑՈւՅԹ 2021: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել դպրոցի մասին հետևյալ տեղեկատվությունը՝

  • դպրոցի անվանումը և հասցեն,
  • տնօրենի անուն/ազգանունը,
  • մրցույթի պատասխանատուի կոնտակտային տվյալները,
  • աշակերտների թիվը (աղջիկներ/տղաներ),
  • կրթական հատուկ կարիքներով աշակերտների թիվը,
  • հաշմանդամություն ունեցող աշակերտների թիվը,
  • փախստական (Սիրիա, Իրաք) աշակերտների թիվը,
  • դպրոցի կամ սպորտային դահլիճի վերջին անգամ արված կամ նախատեսված վերանորոգման տարեթիվը,
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից կամ այլ կազմակերպություններից սպորտային գույք ստանալու տարեթիվը,
  • առկա սպորտային գույքի վերաբերյալ տեղեկությունը:

Յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել միայն մեկ տեսանյութ: Հավելենք, որ մրցույթի շրջանակում չեն իրականացվում վերանորոգման աշխատանքներ: