Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայացած համերգ-շնորհանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Շնորհանդես-համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Համերգային ծրագրում. Յ. Ս. Բախ Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր, Բիզե/ Շչեդրին «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը: Համերգային ծրագրի մեկնարկից առաջ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշել է, որ Հայաստանն իր բնույթով ամենաերաժշտական ազգերի շարքին է պատկանում և չկա մի լեզու, որ միավորում է մարդկանց առավել, քան երաժշտությունը։
«Ճապոնիայի համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանում երաժշտական կյանքի զարգացմանը։ YAMAHA բրենդը մարմնավորում է ճապոնական մոտեցումն առ կատարելությունն ու մշտական նորարարությունը, և մենք ըստ արժանվույն ենք գնահատում այդ ապրանքանիշի հիանալի ապրանքները։ Հուսանք, որ լիարժեք և բուռն երաժշտական կյանքի վերսկսմանը զուգահեռ Հայաստանը վստահորեն առաջ կշարժվի՝ հաղթահարելով նախորդ տարվա բոլոր դժվարությունները։ Ճապոնիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին՝ մեծ վերականգնման և նոր ձգտումների այս ժամանակաշրջանում»,- ընդգծել է դեսպանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այն, ինչ այսօր ձեռք է բերել Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, երաժշտասեր հանրության և մասնագիտական համայնքի նվաճումն է։ «Երաժշտական բարձրակարգ գործիքների առկայությունը գույքային ձեռքբերում չէ, այլ մասնագիտական աճի, գեղարվեստական որակի ապահովման և միջազգային հարաբերությունների ընդլայնման գրավական։ Լայն իմաստով՝ երաժշտական գործիքների անհրաժեշտություն կա երաժշտական արվեստի տարածման և պահպանման բոլոր կառույցներում։ Ուստի, յուրաքանչյուր աջակցություն այս խնդրի կարգավորման ուղղությամբ պահանջված է և մեծապես գնահատելի»,- նշել է Արա Խզմալյանը և նման նշանակալի մշակութային իրադարձության ու գործադրվող ջանքերի հետևողականության համար իր երախտագիտությունը հայտնել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային և ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանին:
ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի հավաստիացմամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար «Grassroots» դրամաշնորհային ծրագրով նոր գործիքների ձեռքբերումը չափազանց կարևոր իրադարձություն է։ «Դեռ 2018 թվականից ի վեր, երբ ստանձնեցի ԿԵԱԿ տնօրենի պարտականությունները, առաջնային նպատակներիցս մեկը բարձրորակ համերգների կազմակերպման համար Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովելն էր։ Խորհրդանշական է, որ ծրագրի իրագործումը համընկավ ԿԵԱԿ 10-ամյակի հետ՝ հնարավորություն տալով ընդլայնել երկացանկը, հրավիրել նորանոր արտիստների և իրականացնել նախագծեր, որոնք չէին կատարվում անհրաժեշտ գործիքակազմի բացակայության պատճառով»,- նշել է նա և հավելել, որ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի ստացման գործում իր մեծագույն ներդրումն ունի ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադան, ում հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել տարիներ անց ունենալ ոչ միայն նոր ռոյալ, այլև հարվածային գործիքների ամբողջական հիմնական կազմ։
ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը նախագծի իրագործման համար երախտիքի խոսք է հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ վերոնշյալ նախագծի շրջանակում աջակցելու համար։ Նա նաև հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԵԱԿ բարեկամ Լիանա Սահակյանին՝ այս նախագծի իրականացման գործում ներդրած ջանքերի համար։
Համերգի մեկնարկին, Ն. Նազարյանը դեսպանին նվիրել է դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի անվանական դուդուկը՝ ի նշան երախտագիտության:
Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողություն: «Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման նախագիծն իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ, «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի (GCGP) շրջանակում»,- նշված է հուշատախտակի վրա: