Փետրվարի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ-շնորհանդես: Համերգի ընթացքում առաջին անգամ կներկայացվեն Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված «Yamaha» ընկերության երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Ծրագիրն իրականացել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում:

Շնորհանդես-համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը:

Համերգային ծրագրում. Յ. Ս. Բախ, Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր, Բիզե/Շչեդրին, «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար:

Տեղեկացնենք, որ համերգից առաջ՝ ժամը 18:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա ճեպազրույց՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված «Yamaha» նոր երաժշտական գործիքների համերգ-շնորհանդեսին։ Ճեպազրույցին կմասնակցեն ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը: