ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Սփյուռքի բաժինը վերագործարկել է «Հայերն այսօր» լրատվական կայքը, որի՝ այսօր կայացած շնորհանդեսին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը «Հայերն այսօր» տեղեկատվական կայքի առաջնային շահառուներից է: «Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում սփյուռքի հետ համագործակցության մեր ծրագրերում մեծապես օգտվելու ենք կայքից և այն օգտագործելու ենք որպես կարևորագույն հարթակ՝ Հայաստան-սփյուռք երկխոսությունն աշխուժացնելու և գործընկերությունն ամրապնդելու համար: Սա շարունակական գործընթաց է, և նոր ռեսուրսների ներգրավումը միշտ կարևոր է, հատկապես՝ ժամանակակից մարտահրավերների պայմաններում»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ համավարակի ի հայտ գալուց ի վեր նախարարությունը, առաջնորդվելով Կառավարության առաջադրած մոտեցմամբ, այն է՝ համավարակը մարտահրավերից առաջ որպես հնարավորություն դիտարկելով, սփյուռքի հետ կապված ծրագրերում օգտագործել է տեխնոլոգիաները՝ տարբեր ծրագրեր առցանց ձևաչափով կազմակերպելով:

«Համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի սփյուռքի հետ կապված մի շարք միջոցառումներ կազմակերպեցինք առցանց, և այդ հաջողված փորձը ցույց տվեց, որ դրանց մի մասը հետայսու կշարունակենք առցանց: Այսինքն՝ տեխնոլոգիաների զարգացումը մեզ օգնելու է Հայաստան-սփյուռք երկխոսության կայացման գործում, և «Հայերն այսօր» կայքն այդ առումով մեծ անելիք ունի»,- ընդգծել է փոխնախարարը:

Անդրադառնալով մեզ պատուհասած մյուս արհավիրքին՝ ի դեմս ադրբեջանաթուրքաահաբեկչական դաշինքի կողմից ագրեսիայի դիմակայման շրջանում սփյուռքի հետ համագործակցությանը, նախարարի տեղակալը նաև կարևորել է Հայաստան–սփյուռք համագործակցության խորացումը հետպատերազմյան շրջանում՝ այս պարագայում ևս կայքը դիտարկելով որպես առանցքային ռեսուրս:

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում մշակում է կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտների զարգացման ռազմավարությունները: Միջնաժամկետ զարգացման ռազմավարության նախագծում կարևորագույն մաս է կազմում Հայաստան-սփյուռք համագործակցությունը, մասնավորապես՝ աշխարհում հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը և հայկական բաղադրիչով միջազգային հանրակրթական դպրոցների ցանցի ձևավորումը:

Շնորհանդեսում նշվել է, որ Հայաստան-սփյուռք տեղեկատվական կապը և ներգրավվածությունը նոր հարթություն տեղափոխելու նպատակով նորարար ու արդիական ձևաչափ է ստեղծվել: Hayernaysor.am կայքը կտրամադրի ծավալուն, համապարփակ և օբյեկտիվ քառալեզու տեղեկատվություն՝ հայաստանյան կարևոր իրադարձությունների, հայրենիք-սփյուռք կապերի ու նախաձեռնությունների, հայրենադարձության և սփյուռքին առնչվող թեմաների վերաբերյալ։

«Նորություններ» բաժնում անդրադարձ կլինի Հայաստանի, Արցախի և սփյուռքի կարևոր իրադարձություններին, «Ապրելու երկիր» բաժնում տեղ են գտել «Ստեղծարարներ», «Հնարավորություններ» և «Հայրենադարձի օրագիր» ենթաբաժինները, որոնք կանդրադառնան, թե սփյուռքահայերը հայրենիքում ինչ հնարավորություններ և խնդիրներ ունեն: Կայքում առկա են նաև «Զբոսաշրջություն» և «Գլոբալ ազգ» բաժինները: Վերջինս ունի «Ազգությունը՝ հայ» և «Հայկական հետք» ենթաբաժինները, որտեղ կներկայացվեն, թե տարբեր երկրներում ինչ հետք են թողել հայտնի սփյուռքահայերը: