ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»:

Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուները և նրանց գործառույթները, ինչպես նաև կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքն ու այլ իրավահարաբերություններ:

Ճամբարի կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը և ստացած գիտելիքների ամրապնդմանը գործնական ճանապարհով, իրավիճակային կողմնորոշման, նախաձեռնողականության և հմտությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներում դիմակայելու, դրսևորվելու և արդյունավետ գործելու ունակությունների զարգացմանը, սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների բարձրացմանը, ինչպես նաև դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության ձևավորմանը:

Ճամբարին մասնակցելու են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանում սովորող պատանիներն ու աղջիկները: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը:

Ճամբարը հաշվարկվում է ՀՀ զինված ուժերի բանակի գնդի հաշվարկով: Տևողությունը 12 օր է:

Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական պատրաստություն, կրակային, համազորային կանոնադրություններ, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, հոգեբանական պատրաստություն և գոյատևման հիմունքներ:

Ճամբարի ֆինանսավորումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչև փետրվարի 25-ը ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։