Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում 2021 թվականի հուլիսի 17-ից 25-ը կայանալու է ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Օլիմպիադային հրավիրված է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:
Միջոցառման նպատակն է ստուգել «Ֆիզիկա» առարկայի վերաբերյալ միջնակարգ դպրոցի աշակերտների տեսական գիտելիքները և փորձարկումների անցկացման հմտությունները: Ազգային թիմը պետք է բաղկացած լինի 5 աշակերտից և թիմի 2 ղեկավարից: Թույլատրվում է տանել նաև դիտորդներ և այցելուներ:
Օլիմպիադան ամենամյա է և յուրաքանչյուր տարի անցկացվում է այլ երկրում:
Բացի պաշտոնական ծրագրից՝ մասնակիցներին առաջարկվելու է նաև սոցիալական ծրագիր, որը ներառում է մշակութային, կրթական և մարզական միջոցառումներ: Մասնակիցների կեցության ծախսը հոգում է կազմակերպող կողմը:
Օլիմպիադայի կազմակերպիչներն են Լիտվայի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Ոչ ֆորմալ երիտասարդական կրթության լիտվական կենտրոնը և Վիլնյուսի համալսարանը:
Օլիմպիադան նախատեսված է անցկացնել Վիլնյուսում, բայց COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի փոփոխման դեպքում այն կարող է անցկացվել առցանց: Այդ մասին միջոցառման կազմակերպիչները կտեղեկացնեն կանխավ:
Գրանցման և հավելյալ տեղեկության համար պետք է այցելել www.ipho2021.lt կայքէջ կամ գրել info@ipho21.lt էլ. փոստին: