Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում անցկացնելու է Հայաստանի առաջնությունը:

Մրցաշարին մասնակցելու է 26 մարզիկ-մարզուհի՝ Հայաստանից և Արցախից: Մրցումները կընթանան երկու փուլով և երկու խմբով՝ անվասայլակով և առանց դրա: Առաջին փուլում մասնակիցները կբաժանվեն ենթախմբերի, հանդիպումները կանցկացվեն շրջանային եղանակով, իսկ երկրորդ փուլում ենթախմբերում 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրած թենիսիստներն օլիմպիական մրցակարգով կորոշեն մրցանակակիրներին:

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանն ընդգծում է, որ նախորդ տարիներին շուրջ 4 տասնյակ առաջնություններ են կազմակերպել, սակայն պետական աջակցություն առաջին անգամ են ստանում. «6 տարվա ընթացքում ֆեդերացիան Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպել է առաջնություններ, գավաթի խաղարկություններ, բացի դրանից՝ մասնակցել ենք 9 միջազգային մրցաշարի»:

Կ. Դավթյանի խոսքով՝ տարիների աշխատանքն աստիճանաբար արդյունք է տալիս. տարեցտարի ավելանում են մարզաձևով հետաքրքրվողները և նրանց գրանցած արդյունքները բարելավվում են. «Համագործակցում ենք մարզերի մարզադպրոցների, քաղաքապետարանների հետ, որպեսզի բոլոր ցանկացողներին տեղում մարզվելու, ապա առաջնությունների մասնակցելու հնարավորություն տանք: Տարիքային սահմանափակումներ էլ որպես այդպիսին չկան՝ մեզ կարող են դիմել 10-80 տարեկան անձինք»:

Հիշեցնենք, որ այս տարվա ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է: 2020 թ.-ին ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ, իսկ այս տարի աջակցության գումարը կազմելու է շուրջ 104 միլիոն դրամ: Ավելացել է նաև շահառու կազմակերպությունների թիվը. մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է տրամադրվել հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող 4 կազմակերպությունների («Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ»), իսկ այս տարի աջակցություն են ստանալու նաև Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները: