Արցախյան վերջին պատերազմից հետո հաշվի առնելով գիտական հետազոտությունների և վերլուծության անժխտելի հրամայականը՝ ՀԲԸՄ-ն հայտարարում է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին:

Նախաձեռնության նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը և իմացությունն Արցախի մասին՝ ընդլայնելով տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության ինչպես ընթացիկ, այնպես էլ գիտական հասանելիությունը: ՀԲԸՄ դրամաշնորհի միջոցով կհարստացվի արցախյան թեմաներով հետազոտությունների արժեքավորությունը՝ արդեն իսկ առկա առաջնային նյութերն ու ճշգրիտ տվյալները համալրելով հրապարակված աշխատություններով:

Դրամաշնորհը ստանալու համար կարող են դիմել բոլոր սերունդների ուսանողներն ու գիտնականները: Ասպիրանտների, ակադեմիկոսների, հետազոտողների, անկախ հոդվածագիրների, ազատ լրագրողների և Արցախի հարցերով մասնագիտանալու և այն ճանաչելու հարցում շահագրգիռ այլ անձանց հայտերը ողջունելի են:

Հետազոտությունը, ի թիվս այլ ուղղությունների, կարող է լինել պատմական և/կամ ժամանակակից աշխատություն, որում կուսումնասիրվեն տարածաշրջանի անցյալի, ներկայի ու ապագայի սոցիալական, մշակութային, հոգեբանական, իրավական, տնտեսական, տեխնոլոգիական, մարդասիրական և բնապահպանական հարցերը: Հրապարակված գործեր կարող են համարվել հոդվածները, զեկույցները, ակնարկները, ինչպես նաև բարձրորակ տեսանյութերն ու փոդքասթները:

Դրամաշնորհային ծրագրի հայտերը պետք է ներառեն նախկինում հրապարակված աշխատությունների օրինակներ, ինքնակենսագրական, ինչպես նաև առաջարկվող բյուջե՝ տեղում իրականացվելիք հետազոտական ծրագրի ռազմավարության նկարագրությամբ: Ծրագրերը և կատարված աշխատանքները կարող են ներկայացվել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ ռուսերեն:

Հայտերն ընդունվում են անգլերեն՝ մինչև 2021 թ. ապրիլի 30-ը:

Դիմելու կարգին ծանոթացե՛ք այստեղ:

Ներբեռնե՛ք դիմումաձևն այստեղ: