Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (4 տեղ):

Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները կանցնեն լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող և օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
  2. բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  3. ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն թարգմանությամբ և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
  4. ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք) նոտարի կողմից անգլերեն թարգմանությամբ և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
  5. բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն թարգմանությամբ և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
  6. բժշկական տեղեկանք (հավելված) նոտարի կողմից անգլերեն թարգմանությամբ և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
  7. ինքնակենսագրություն (CV` անգլերեն),
  8. անձնագրի պատճենը,
  9. 3×4 չափի 3 գունավոր լուսանկար,
  10. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ՝ պատճենի հետ (1+1):

  1. Քննությունները կկազմակերպվեն՝ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

    Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

    Փաստաթղթերն ընդունվում են սկսած 2021 թվականի փետրվարի 2-ից մինչև փետրվարի 22-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:

    Մրցույթին մասնակցել ցանկացողներն ինչպես լրացուցիչ տեղեկություններ ստանալու, այնպես էլ փաստաթղթերը հանձնելու համար կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.` +37410-59-96-44, +374 10-59-96-46)։

    Քննությունները տեղի կունենան 2021 թվականի մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում:

    Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

    Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։

    Ծանոթություն. Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշումով:

    Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

    Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը` գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել: