Նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի է ունեցել Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, որն ուղեկցվել է արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսով:

Ցուցահանդեսում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի անվան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, մասնավոր հավաքածուներում գտնվող հայ անվանի նկարիչների (այդ թվում՝ Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Գրիգոր Խանջյանի, Սերգեյ Փարաջանովի)՝ Քրիստոսի պատկերը ներկայացնող շուրջ 70 ստեղծագործություններ: Ցուցադրությունը կգործի մինչև հունվարի 21-ը:

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ով գրքի ստեղծման կապակցությամբ շնորհավորել է Սաթենիկ Վարդանյանին: Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին և աջակիցներին՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նմանօրինակ ցուցադրությունները կլինեն շարունակական: