ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 2020 թվականի ընթացքում Եվրոպայի՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում մեդալներ նվաճած, ինչպես նաև 2021 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող մարզիկներին, նրանց մարզիչներին և մարզական մի շարք ֆեդերացիաների ներկայացուցիչների: Տարեվերջյան ընդունելությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը, իրենց հաղթանակներով բոլորին հպարտություն պարգևելու համար շնորհակալություն հայտնելով մեդալակիրներին, նրանց հանձնել է պատվոգրեր, անվանական գրչատուփերով անվանական գրիչներ: Առանձնակի հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի պատիվը մշտապես բարձր պահելու համար Օլիմպիական և Եվրոպական խաղերի, Եվրոպայի առաջնության հնգակի և աշխարհի եռակի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու Եվրոպայի հնգակի և Եվրոպական խաղերի ու աշխարհի չեմպիոն սամբիստ Տիգրան Կիրակոսյանն ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ:

Նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ նախարարության համար սպորտի զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ արվում է առավելագույնը:

«Տարբեր ոլորտներով ներկայանալով աշխարհին՝ մենք ցուցադրում ենք մեր երկրի անձնագիրը, որի էջերից մեկն էլ դուք եք: Փառք ձեզ. դուք բարձր եք պահում մեր երկրի պատիվը, իրականություն դարձնում մեր ակնկալիքները, ձեր հաղթանակների շնորհիվ մեր դրոշի ծածանումից առաջացած հպարտության զգացումը ոչ մի բանի հետ համեմատելի չէ: Շնորհակալ եմ այս դժվարին տարում ձեր կռիվը և՛ պատերազմի դաշտում, և՛ մարզական ասպարեզում պատվով տալու համար: Ձեր պայքարը պետք է շարունակվի, որ մեր երկիրը զարգանա և հզորանա»,- ասել է նախարարը և հավելել՝ ԿԳՄՍՆ-ն վերահաստատում է սպորտի ոլորտում մեծ և նշանակալի դերակատարություն ունենալու իր հանձնառությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ թեև համավարակով, ապա ռազմական դրությամբ պայմանավորված՝ մարզիկները նախատեսվածից քիչ մրցաշարերի են մասնակցել, այդուհանդերձ կարողացել են իրենց մեջ ուժ գտնել և հաջողություններ գրանցել: Նախարարի տեղակալի խոսքով՝ մեր մարզիկների յուրաքանչյուր նվաճում մեծացնում է հայ ժողովրդի՝ իր ուժերի նկատմամբ ունեցած վստահությունը:

Հանդիպման ընթացքում նախարար Վ. Դումանյանը և նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նաև պատասխանել են մարզաշխարհի ներկայացուցիչներին հուզող հարցերին և վստահեցրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անելու է անհրաժեշտ քայլերն առկա խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար:

Իրենց հերթին ներկաները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ շարունակելու են ջանք չխնայել Հայաստանի մարզական պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար:

Հավելենք, որ 2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ: Այս պահին Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր ունի 4 մարզիկ՝ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը: