ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ առցանց նստաշրջանի նիստին ողջույնի խոսքով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջիաննինին, իսկ նախագահությունն իրականացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

Նիստին ընդունվել է 2020 թվականին իրականացված գործողությունների և ֆինանսական հաշվետվությունը: Գործողություններն իրականացվել են հետևյալ ուղղություններով՝

  • ուսումնական ծրագրերի, ուսուցման, դասավանդման և գնահատման խնդիրներ, նորարարություն և առաջնորդություն,
  • կրթության և ուսուցման որակի ու համապատասխանության համակարգային հզորացում,
  • գիտելիքի ստեղծում և կառավարում,
  • ինստիտուցիոնալ և կառուցակարգային զարգացում:

Նիստին քննարկվել է նաև միջնաժամկետ հատվածի ռազմավարության նախագիծը, և հաստատվել 2021 թվականի գործողությունների ծրագիրը, որոնք բխում են Կայուն զարգացման նպատակ 4-ի թիրախներից:

Ծրագիրը ներառում է ռազմավարական 6 հիմնական ուղղություններ՝

  • ազգային և տարածաշրջանային կարողությունների հզորացում՝ ուղղված կրթակարգի մշակմանը,
  • աջակցություն զարգացող պետություններին հիբրիդային ուսումնառության և թվային կրթական ծրագրեր ներդնելու նպատակով՝ նպաստելով հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպմանը և թվային գրագիտության բարձրացմանը,
  • աջակցություն զարգացող երկրներին՝ բարելավելու վաղ մանկական զարգացման և կրթության կազմակերպման կրթական ծրագրերը,
  • կրթակարգի (ուսումնական ծրագրերի) հիմնահարցերին վերաբերող հետազոտությունների արդյունքների տարածում՝ ուղղված անդամ- պետությունների կարողությունների հզորացմանը,
  • կրթության միջազգային բյուրոյի գործընկերային համագործակցության և գործընթացների տեսանելիության վերափոխում:

Նիստին քննարկվել են նաև 2021 թվականին կայանալիք 71-րդ նստաշրջանի անցկացման ժամկետները և օրակարգային մի շարք հարցեր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ նստաշրջանի որոշումը կհրապարակվի 2021 թվականի հունվարին: