ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արկադի Անդրիասյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի երկրպագուներին:

Արկադի Անդրիասյանը ծնվել է 1947 թվականի օգոստոսի 11-ին Բաքվում: 1974 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ա. Անդրիասյանը հանդես է եկել «Շիրակ», «Սևան» և «Արարատ» ակումբներում, 1969-1972 թթ. խաղացել է ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում: Հայկական ֆուտբոլի երախտավորն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1972) է, 1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թթ. առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թթ. ԽՍՀՄ գավաթակիր։ Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Ա. Անդրիասյանը մարզչական գործունեությամբ է զբաղվել «Կոտայք», «Սպարտակ», «Զվարթնոց», «Միկա», «Արարատ» ակումբներում, իսկ վերջին շրջանում «Ուրարտու» ակումբում զբաղվել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ: Ա. Անդրիասյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» արժանացել է 1-ին աստիճանի մեդալի:

Լեգենդար ֆուտբոլիստի անունը ոսկե տառերով է գրված հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Նրա ավանդն անգնահատելի է հայկական ֆուտբոլի զարգացման և ճանաչելիության գործում: Արկադի Անդրիասյանի հիշատակը միշտ վառ կմնա հանրության և ֆուտբոլային գալիք սերունդների հիշողություններում: