Դեկտեմբերի 18-19-ը Մոսկվայում կայացել է սամբոյի Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարը, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է։ Մրցաշարին մասնակցել են 14 երկրների 130 մարզիկներ։ Հայաստանի հավաքականը ներկայացել է 8 մարզիկով, որոնցից 5-ը դարձել է մեդալակիր։

Աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որը հիմնականում հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում, մրցումային առաջին օրը մարզական սամբոյի մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում Կիրակոսյանը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խերտեկին։

Մրցումային երկրորդ օրը մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի երկրորդ արծաթե մեդալը նվաճել է Սամվել Բադալյանը, որը եզրափակչում զիջել է Վադիմ Շագինին (Ռուսաստան)։ Մարզական սամբոյի մրցումներում բրոնզե մեդալներ են նվաճել Արամ Աղաջանյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (90 կգ), իսկ կանանց 56 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Վարսիկ Գրիգորյանը։

Ա. Խառլամպիևի հուշամրցաշարին մասնակցել են նաև Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Արման Մանուկյանը (+100 կգ) և Սարգիս Վարդանյանը (74 կգ, մարտական սամբո):