Համլետը Երևանի թիվ 100 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ է: Բարի, ընկերասեր, համեստ, պայծառ ու ժպտերես. այսպես են բնութագրում Համլետին թե՛ դասընկերները, թե՛ մանկավարժները:

«Համլետը շատ բարի է ու հարուստ ներաշխարհ ունի. դա երևում է երաժշտության նկատմամբ նրա հակումներից»,- ընկերոջն այսպես է բնութագրում Արմանը:

Դպրոցի հատուկ մանկավարժ Սեդա Գալստյանը պատմում է, որ Համլետի հետ աշխատել է առաջին դասարանում, այնուհետև՝ 8-րդ դասարանում, և ծնող-դպրոց համագործակցությամբ իրականացված 7 տարվա աշխատանքի արդյունքն իր համար ակնհայտ է: Համլետն այսօր կարդում է, գրում, թվաբանական գործողություններ է կատարում: Ինչպես ներկայացնում է լոգոպեդ Սիրանուշ Ֆայլաբաշյանը, 7 տարվա ջանասեր աշխատանքի արդյունքում Համլետն այսօր հստակ պատասխանում է հարցերին, արտահայտում իր ցանկություններն ու կարիքները:

- Համլե՛տ, վաղը գալո՞ւ ես դպրոց:

- Հա, վաղը ուզում եմ գալ դպրոց,- սիրով պատասխանում է Համլետը:

Նա ունի որոշակի բառապաշար և կարողանում է հստակ միտք արտահայտել. սա դպրոցի մանկավարժական խմբի հաղթանակն է:

Սկզբնական շրջանում Համլետը դասարանում նստում էր ծնողի ուղեկցությամբ: Այսօր ադապտացիան լիարժեք իրականացված է. ծնողը հազվադեպ է դասարանում լինում:

Հոգեբան Թագուհի Գասպարյանը պատմում է, որ Համլետի նման երեխաները սովորաբար շատ դյուրազգաց են և լավ են հասկանում շրջապատի վերաբերմունքն իրենց նկատմամբ: Ընկերները նրան վերաբերվում են բավականին ջերմ, Համլետն էլ դա զգում և գնահատում է:

«Մի անգամ խմբային աշխատանքի ժամանակ երեխաները թղթի վրա կտրում էին իրենց ափերը, մեջը գրում էին ընկերոջ անունը, իսկ մյուս ափում՝ թե ինչով է իրեն օգնել այդ ընկերը: Համլետը ևս հաղթահարեց այդ առաջադրանքը, շատ հստակ արտահայտեց մտքերը՝ նշելով ընկերոջը, որը պարբերաբար օգնում է իրեն իջնել աստիճաններով: Սա շատ նուրբ պահ էր՝ հասկանալու երեխայի ներաշխարհը, որը զգացել է դասընկերոջ աջակցությունը և գնահատել»,- ոգևորությամբ պատմում է հոգեբանը:

Մայրիկի խոսքով՝ Համլետը մեծ սիրով է հաճախում դպրոց, դասամիջոցին անհամբեր սպասում է, թե երբ զանգը կհնչի, որ վազի պարապմունքի:

Համլետը երազում է դառնալ կոմպոզիտոր: Բացի դպրոցից՝ նա նաև «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սան է, որտեղ ուսուցչուհին բացահայտել է նրա երաժշտական հակումները, և այսօր Համլետը հաճախում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց: Դաշնամուրային կատարումներով մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, հանդես եկել անհատական ելույթներով, ունի բազմաթիվ պատվոգրեր: Մայրիկը պատմում է, որ պատերազմի օրերին հեռուստացույցով լսելով հայրենասիրական երգեր՝ ինքնուրույն վերարտադրել է դրանք:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի հարուստ ներաշխարհը յուրօրինակ է բնութագրում նաև Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհին. «Համլետի հետ շատ հաճելի է աշխատել: Մեր ամենամեծ հաջողությունը նրան «Հայր մեր»-ը սովորեցնելն էր: Ինձ տեսնելիս նա ակամա աղոթքի հետ է ասոցացնում»: Ուսուցչուհին վստահ է, որ առաջիկայում, երբ շարականներ սովորեն, Համլետն իրենց դեռ զարմացնելու է: