Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությունը, որի հետաձգումը պայմանավորված էր համավարակով և պատերազմական իրավիճակով, դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային գրադարանում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը՝ նշելով, որ նախատեսված էր պատվոգրերը հանձնել դեռևս հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, շնորհակալություն է հայտնել հանրապետության գրադարանավարներին՝ արտակարգ դրության ամիսներին առցանց հարթակում կատարած արդյունավետ աշխատանքի համար:
«2020 թվականի մարտի 16-ից COVID-ի և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ գրադարանները սոցիալական ցանցերի («Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Թվիթեր», «Տելեգրամ») միջոցով շուրջօրյա կապ են պահպանել ընթերցողների հետ։ Այդ օրերին մշակութային կյանքում առանձնահատուկ կարևորվել է գրադարանների դերը, որոնք մշակութային այլ կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունքում ստեղծել են բազմաթիվ դիտարժան տեսանյութեր: Համացանցում հրապարակված նյութերն ապահովել են բազմաթիվ դիտումներ, իսկ գրադարանների սոցցանցերի հետևորդների թիվը բազմապատկվել է»,- փաստել է նախարարի տեղակալը և հավելել, որ մշակութային հաստատությունների, գրադարանների դերը մեծ է նաև հետպատերազմական սթրեսի, հոգեբանական ապրումների դեմ պայքարի գործում:
Գրադարանավարի օրվա առթիվ, ինչպես նաև արտակարգ դրության օրերին առցանց հարթակում կատարած արդյունավետ աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել հետևյալ կազմակերպություններին: