Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցապայքարը: Հայաստանի հավաքականի 10 ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ. 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե: Բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն են ունեցել նաև Կարապետ Չալյանը, Դավիթ Օվասափյանը և Արթուր Ալեքսանյանը:

77 կգ քաշային Կարապետ Չալյանը երրորդ տեղի համար պայքարում 1։4 հաշվով պարտվել է սերբ Վիկտոր Նեմեշին։ 130 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Օվասափյանը մեդալային գոտեմարտում 2:4 հաշվով զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Միկոլա Կուչմիին: Օլիմպիական և Եվրոպական խաղերի, Եվրոպայի առաջնության հնգակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը որակավորման փուլում վիճահարույց մրցավարության արդյունքում 1:5 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին, սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն է ունեցել, որից, սակայն, հրաժարվել է առողջական խնդիրների պատճառով:

Աշխարհի գավաթի անհատական խաղարկության մեդալային պայքարից դուրս են մնացել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ):

Հավելենք, որ Բելգրադում վաղը պայքարի են դուրս գալու ազատոճային ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Աշխարհի գավաթի խաղարկությունում մեր երկիրը կներկայանա 8 ըմբիշով՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Հովհաննես Մաղաքյան (125 կգ):