Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանն այցելել են Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (ԼԽՈՒԵ), որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքում համալրվել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույքով: Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը:

Կրթահամալիրի սաները հյուրերին ողջունել են երգ ու պարով, ապա մարզադահլիճում ցուցադրել են իրենց սպորտային ունակությունները՝ միաժամանակ փորձարկելով նոր մարզագույքը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսել է «Սպորտային սերունդ» ծրագրի կարևորության մասին:

«Շատ ուրախ եմ, որ նոր մարզագույքով համալրվող ուսումնական հաստատություններից մեկը հենց ԼԽՈՒԵ-ն է: Վստահաբար, ֆիզկուլտուրան երեխաների սիրելի առարկաներից է և, ցավոք, կորոնավիրուսի համավարակի շրջանում նաև շատ տուժած առարկաներից մեկը: Համավարակի պայմաններում երեխաներն իրենց ֆիզիկական կարողությունները զարգացնելու շատ հնարավորություններ չեն ունեցել, հետևաբար այժմ կարևոր է ժամանակակից պայմանների ստեղծումը, ինչը թույլ կտա հնարավորինս լրացնել բացը: Խաղաղությունը և բարելավված պայմանները պետք է ստեղծեն այն միջավայրը, որտեղ մեր երեխաները կլինեն առողջ, ֆիզիկապես ուժեղ և կկառուցեն այն երկիրը, որի մասին բոլորս երազում ենք, և որը բոլորիս նպատակն է»,- ասել է Ժ. Անդրեասյանը և համագործակցության ու նախաձեռնության համար շնորհակալություն հայտնել Կայուն զարգացման հայկական հիմնադրամին:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանի խոսքով՝ երեխաների ոգևորությունը փաստում է ծրագրի հաջողված լինելու մասին: Ա. Տուհադյանը հույս է հայտնել, որ նոր մարզագույքը կնպաստի, որ ԼԽՈՒԵ-ի սաները հասնեն մարզական հաջողությունների և առողջ լինեն:

Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և ընդգծել՝ այն կնպաստի իսկապես առողջ և սպորտային սերունդ ունենալուն: Կրթահամալիրի տնօրենը Ժ. Անդրեասյանին և Ա. Տուհադյանին նաև ներկայացրել է հաստատության գործունեությունը և պայմանները, ծանոթացրել գորգագործության, կար ու ձևի խմբակների սաների աշխատանքներին:

Հավելենք, որ «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին մասնակցել է 69 դպրոց՝ հանրապետության բոլոր մարզերից (աշակերտները պատրաստել են 10 րոպեն չգերազանցող տեսահոլովակներ՝ պատմելով դպրոցական կյանքի, սպորտի կարևորության, իրենց մարզական նվաճումների, ինչպես նաև համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին)։ Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժովողի որոշմամբ հաղթող է ճանաչվել 16 դպրոց: