ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դեկտեմբերի 7-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար դասերն առկա կազմակերպելու վերաբերյալ։ Համաձայն մինչ այդ տրված կարգավորման՝ առկա է կազմակերպվում 1-4-րդ դասարանների, ինչպես նաև ներհամայնքային տրանսպորտ չունեցող համայնքների բոլոր դասարանների ուսումնական գործընթացը: Շրջաբերականում նշվում է, որ որոշումը կայացվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Դասերն առկա եղանակով կազմակերպելիս հանրակրթական ուսումնական հաստատությունները պարտավոր են պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջները:

Միաժամանակ, ըստ շրջաբերականի, չեն գործում ուսումնական տարվա սկզբին հաստատված՝ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման» ուղեցույցի սահմանափակումները` բացառությամբ 20-ից ավելի սովորողներ ունեցող դասարանների խմբերի բաժանման դրույթի: Նույնը վերաբերում է նաև նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցներին, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին։

Հավելենք, որ համաձայն առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանի՝ ուսումնական հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝

  • դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ /ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,
  • ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով՝ արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),
  • թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ,
  • հեռահար ջերմաչափում։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով իրենց գրավոր համաձայնության դեպքում։

Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով:

Յուրաքանչյուր դպրոցի համար կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում համավարակի դեպքերի թվից․ 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշ ունենալու դեպքում, ըստ սահմանված առողջապահական կանոնների, դպրոցը կրկին կանցնի հեռավար ուսուցման։