ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 92 տարեկանում կյանքից հեռացել է Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի հիմնադիր, ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Արշակի Հովհաննիսյանը:

Յուրի Արշակի Հովհաննիսյանը ծնվել է 1928 թ. Երևանում:

Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանը հիմնադրվել է 1974 թ.-ին և մինչ այժմ նա հասարակական հիմունքներով ծավալել է իր գործունեությունը։ Անգնահատելի է Յուրի Հովհաննիսյանի ներդրումը Հայաստանի մշակութային կյանքին հասարակությանը ծանոթացնելու գործում։

Նրա «Հիշում է Երևանը» փաստավավերագրական հրաշալի աշխատությունում բազմաթիվ տեղեկություններ են զետեղված մայրաքաղաքի հուշարձանների, զբոսայգիների և պուրակների, թանգարանների ու թատրոնների և այլ մշակութային օբյեկտների, ինչպես նաև դրանց ճարտարապետների ու քանդակագործների մասին: Յուրի Հովհաննիսյանը հրատարակել է նաև բազմաթիվ գիտական հոդվածներ, պետական ստանդարտներ և մի շարք գրքեր։

Նա եղել է «Հայէլեկտրո» գործարանի գլխավոր կոնստրուկտորը: 1962 թ. Խորհրդային Միությունում առաջին անգամ իր ստեղծած ալգորիթմով կատարվել է տրանսֆորմատորների մեքենայական հաշվարկ։

Յուրի Հովհաննիսյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի արծաթե մեդալի, «Աշխատանքի Վետերան» մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, «Գիտելիք» ընկերության մեդալի: Արժանացել է երիտասարդության և ուսանողության համաշխարհային 6-րդ փառատոնի գեղարվեստական խմբերի մրցույթի 3-րդ աստիճանի դափնեկրի պատվավոր կոչմանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է Յուրի Հովհաննիսյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: