Սրբազան ջուր. Արցախում ջուրը սրբազան էր, մեջը թքել չէր կարելի, ինչպես կրակի մեջ: Աղբյուրներին նվիրաբերություններ էին կատարում. նորահարսն առաջին անգամ ջրի գնալիս ցորեն էր զոհաբերում աղբյուրին: Կիրակի օրերը մոմեր էին վառում սուրբ համարվող աղբյուրների մոտ: Իսկ հիվանդները, մոմեր վառելուց բացի, աքաղաղներ էին զոհաբերում և աղոթում՝ առողջանալու ակնկալիքով: Բուժող հայտնի սրբազան աղբյուրերից էին Շոշու գյուղի ձորակի աղբյուրը, Վերին Սզնեքի «Կանաչ խաչը», Հղորդի գյուղի «Մոշ աղբյուրը», որի մոտ ոչ միայն մոշի թփեր կան, այլև մեծ, պաշտվող կաղնի ծառ: Ըստ ավանդության, մարդիկ տեսել են, թե ինչպես է Չանախչի գյուղի «Մեծ աղբյուրի» վրա մի քանի անգամ լույս իջնում:

Սրբազան ծառեր. Արցախում տարածված էր նաև ծառերի պաշտամունքը: Բոլոր գյուղերում սրբազան ծառեր կային, որոնց առաջ մոմեր էին վառում, աքաղաղ կամ ոչխար էին մատաղ անում, տերևներով գուշակություններ անում: Այդ ծառերը և անգամ դրանց ճյուղերը կտրելը մեծ մեղք էր համարվում: Մեղանչողն անմիջապես պատժվում էր: Ուխտավորները կտորներ էին կապում պաշտվող ծառերի ճյուղերին՝ իբրև թողնելով հիվանդությունները կամ խնդրելով կատարել իրենց իղձերը: Սուրբ ծառերից էր համարվում Սխտորաշենի հսկայական չինարի ծառը, որտեղ Համբարձման տոնին շրջակա գյուղերից ուխտավորներ էին գալիս, մոմեր վառում և կաթնապուր էին եփում ու բաժանում որպես մատաղ: Վերին Թաղավարդում հայտնի էր Բարևածառ (Պըրևածառ) ուխտատեղին, Սարիբեկի երեք թեղի ծառերը, Գյունեյ Ճարտար գյուղի մոտի «Կոհակ» կամ «Յակովիկ» կոչվող ճապկի ծառերը, Հարավ գյուղի «Զրավոր» (Զորավոր) հսկայական կաղնիները: Սղնախ գյուղի կաղնին կոչվում էր «Խնձորախաչ»: Ըստ ավանդության՝ նախկինում սա խնձորենի է եղել, բայց մի թուրք ճիպոտով խփել է, որ խնձոր թափի, դրա համար այն անմիջապես վերածվել է կաղնու: Համարվում էր, որ սուրբ ծառի մոտի կամ վրայի հողը ևս բուժող հատկություն կարող է ունենալ: Օրինակ՝ Քերթ գյուղի մոտ կա չորս հսկայական կաղնի, որոնց բնի հողից վերցնում, քսում էին դեմքին, որպեսզի մկնատամն անցնի: Ըստ որում, այս սրբատեղին ուխտի օր ունի՝ Ավագ Չորեքշաբթին: Կան ծառեր, որ գորտնուկներ էին բուժում, մյուսները՝ հոդացավը, ջերմը, տենդը, ռևմատիզմը, խլությունը, հոգեկան հիվանդությունները և այլն: Սուրբ ծառերը օգնում էին մորեխից ազատվել, երբ այդ նպատակով մատաղ էին անում դրանց մոտ: Չար աչքից խուսափելու համար կարևոր էր հատկապես բռինչի ծառը: Այն տնկում էին բակում, արտում, պարտեզում: Այս ծառի փայտի մի փոքր կտոր ուղտի բրդի և աչքի ուլունքի հետ միասին կարում էին մի կտորի մեջ և կապում էին երեխայի օրորոցից, կամ ձիու վզից: