Արցախի Հանրապետության տարածքում առաջին տպարանը շվեյցարացի բողոքականների տպարանն էր Շուշիում, որը գործել է 1828 թվականից։ Այն երկրորդն էր Մայր Աթոռ Էջմիածնի տպարանից հետո։ Այս տպարանում լույս է տեսել ավելի քան 20 գիրք։ Նրանց գործունեությունը Շուշիում տևել է 7-8 տարի։ Ղարաբաղի միտրոպոլիտ Բաղդասար Հասան Ջալալյանը բողոքականներից գնել է տպարանը։ Կրթության հարգը իմացող առաջնորդը գումար է տրամադրել Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակություններից մեկական օրինակ ձեռք բերելու համար՝ դրանք սեփական տպարանում վերահրատարակելու և տարածելու նպատակով։ Հասան Ջալալյանի անմիջական և հետևողական ղեկավարությամբ տպարանը գործել է կանոնավոր, Մոսկվայից ձեռք է բերել նոր տառատեսակներ ու տպագրական պարագաներ։ Թեմակալ առաջնորդը հանդես էր գալիս նաև որպես գրքերի տպագրության հովանավոր։ Այստեղ լույս են տեսել թարգմանական, գեղարվեստական գործեր։ 1854 թվականին տպարանը ղեկավարել է թեմակալ առաջնորդ Գևորգ եպսկոպոս Վեհապետյանը։ Նա շարունակել է տպարանի բարենորոգչությունը, ձեռք է բերել նոր տպագրական սարքեր ու տառատեսակներ, պատրաստել է գրաշար ու տպագրիչ վարպետներ։ Տպագրության գործի աշխուժացմանը նպաստել է թեմական, օրիորդաց, մասնավոր դպրոցների բացումը, որոնց աշակերտության համար անհրաժեշտ էին դասագրքերի ու ձեռնարկների բավականաչափ տպաքանակներ։ 1862-64 թթ. տպարանը վարձակալել է Մինաս Տարղլիճյանցը։ Հոգևոր թեմական դպրոցի տեսուչ Խորեն վարդապետ Ստեփանեն 1874 թվականին այստեղ է տպագրել իր «Հայկական աշխարհ» ամսագիրը։ Այս տպարանը գործել է մինչև 1902 թվականը՝ լույս ընծայելով բազմաթիվ աշխատություններ։

Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի տպարանը գործել է իր տանը կից հատուկ շենքում, որտեղ աշխատում էին որդիները։ Ամենաշատ գրքեր՝ 54 անուն, տպագրվել են հենց այս տպարանում /1879-1905 թթ. /: Առաջին հրատարակությունը եղել է «Պատմութիւն մտաւոր զարգացման Եւրոպիոյ» գրքի առաջին հատորը՝ Ս. Էջմիածնի միաբան Արիստակես Սեդրակյանի թարգմանությամբ։ Այստեղ իրենց աշխատանքային մկրտությունն են ստացել սրբագրիչ, հետագայում՝ պատմաբան Լեոն, Աբել Ապրեսյանը, Տիգրան Նազարյանը։ Այս տպարանում է 1881 թվականին լույս տեսել Րաֆֆու «Խենթը»։ Տպարանը գործել է մինչև 1905 թվականը՝ Շուշիի մեծ հրդեհը։

Մելքում Բաբաջանյանի տպարանը գործել է 1910-1919 թվականներին։ Այստեղ լույս են տեսել ոչ միայն մեկ տասնյակից ավելի գրքեր, այլև՝ պարբերականներ։ 1874 թվականից մինչև 1920 թվականը Շուշիում լույս է տեսել 28 անուն թերթ և հանդես, որոնցից 25-ը՝ հայերեն, 3-ը՝ ռուսերեն: 1891 թվականին Շուշիում գործել է 3 գրախանութ: