Եղիշե առաքյալի վանքը (Ջրվշտիկ) հիմնադրվել է 5-րդ դարում արքա Վաչագան Բարեպաշտի կողմից: Գտնվում է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից հյուսիս՝ սահմանի շփման գծի մոտ, Մռավ լեռան անտառապատ լանջին: Վանական համալիրի տեղում եղել է հեթանոսական սրբավայր՝ Միհր Ներսեհեա անունով: Վաղ միջնադարում Ջրվշտիկ վանքը սերտորեն կապված է եղել Արցախի կրոնական և քաղաքական կենտրոնների մոտակայքում գտնվող Գլխո վանքի, արքայանիստ Գյուտականի, Կաղանկատույքի, Բերդակուրի հետ՝ լինելով պատմական Արցախի նվիրական սրբավայր-ուխտատեղին:

Այստեղ են ամփոփվել Սուրբ Եղիշեի մասունքները։ Վանքի տարածքում է գտնվում Վաչագան Բարեպաշտ թագավորի դամբարանը, 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը: Ենթադրվում է, որ վանական համալիրը Եղիշե առաքյալի վանք անվանումը ստացել է, երբ Հոռեկա վանքից այստեղ են տեղափոխել Եղիշե առաքյալի մասունքները։ Ջրվշտիկ անունը վանքը ստացել է հարավային կողմում գտնվող խորը ձորի համանուն ջրվեժից: Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, յոթ մատուռներից, գերեզմանատնից և օժանդակ այլ շինություններից, որոնք կառուցվել են դարերի ընթացքում /13-18-րդ դդ./: Միջնադարում Ջրվշտիկ վանքում պահվել են աշխարհիկ ու կրոնական կարևոր վավերագրեր, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասք: Վանքը եղել է դպրության և գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել և նվիրատվությամբ ստացվել են տարաբնույթ արժեքավոր ձեռագրեր:

Ժողովրդական ավանդազրույցը Վաչագան Բարեպաշտ թագավորի և Անահիտ թագուհու անունների հետ է կապում Ջրվշտիկ վանքի արևմտյան կողմում գտնվող աղբյուրը, իսկ վանքի բակի խաչաքանդակ տապանաքարը համարում է Անահիտի գերեզմանը:

18-րդ դարում Ջրվշտիկ վանքը եղել է հայ ազգային ազատագրական պայքարի կենտրոններից: