Ծիծեռնավանք եկեղեցին հիմնադրվել է 4-րդ դարում և պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջին նավ:

Վանքը արժեքավոր դեր ունի ոչ միայն Հայաստանի, այլ համայն քրիստոնյա աշխարհի համար: Վանքում է պահվում Պետրոս առաքյալի ծիծեռնը (ճկույթը), այստեղից էլ «Ծիծեռնավանք» անվանումը:

Ներկայիս Ծիծեռնավանքն իր վրա կրում է մի քանի շինարարական փուլերի ազդեցությունը: Ըստ որոշ կարծիքների՝ Ծիծեռնավանքի տեղում սկզբնապես եղել է հեթանոսական տաճար, որը քրիստոնեության ընդունման հետևանքով վերածվել է եկեղեցու:

Ծիծեռնավանքի բազիլիկի կարևոր առանձնահատկությունն է արևմտյան ճակատում մուտք չունենալը, որը հատուկ է հեթանոս տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին: Ինչպես նաև, հայկական ճարտարապետության մեջ եզակի է խորանի վերևի կամարակապ սրահը, բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն:

Ծիծեռնավանքը բարգավաճել է XVII–XVIII դդ., երբ կառուցվել են պարիսպը` կամարակապ մեծ դարպասով (1633), հարավային կողմում՝ սեղանատունը, դատավարության սրահը, նորոգվել եկեղեցին (1779)։ Մեծ ուխտատեղի է եղել, որտեղ Համբարձման և Սուրբ Խաչի տոներին ողջ Սյունիք և Արցախ նահանգներից բազմահազար ուխտավորներ են այցելել:

Ծիծեռնավանք տանող ճանապարհը անցնում է շատ գեղեցիկ և հետաքրքիր ձորի միջով:

Մինչև Արցախի ազատագրումը, Ծիծեռնավանքը ադրբենջանցիները դարձրել էին գոմ և հատակն ամբողջությամբ քանդել:

Ծիծեռնավանքի վերականգնողական աշխատանքներն ու վերաօծումն իրականացվել են 2001 թ.՝ Քերոլայն և Ջորջ Նաջարյանների, Հակոբ և Ռուդի Ալթիփարմակյանների բարերարությամբ, Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի և Գուրգեն Մելիքյանի աջակցությամբ: