Եվրոպայի Խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդի առցանց նիստին, որը նախատեսված էր Ընդլայնված մասնակի համաձայնագրով, անցկացվել է հոկտեմբերի 7-ին և 8-ին, մասնակցել են ծրագրի անդամ և դիտորդ պետությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես են եկել Ընդլայնված մասնակի համաձայնագրի նախագահ Բիրգիտա Ռինքբեքը և Եվրոպայի Խորհրդում ժողովրդավարական մասնակցության հարցերով տնօրեն Մատյաս Գրուդենը: Վերջինը հանգամանորեն ներկայացրել է «Մշակութային ուղիներ» ծրագրի այս տարվա կարևոր ձեռքբերումներն ու զարգացումները: Ընդլայնված մասնակի համաձայնագրով Եվրոպայի Խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի գլխավոր քարտուղար Ստեֆանո Դոմինիոնին ևս ներկայացրել է 2020 թ. ձեռքբերումները, այդ թվում՝ առանձնացնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Գինու ճանապարհներ» ֆեդերացիայի (ITER VITIS FEDERATION) միջև օգոստոսի 13-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը:

Հանդիպման օրակարգում անդրադարձ է եղել ծրագրի շրջանակում անդամ պետությունների համար իրականացվող մշակութային դաշտի քարտեզագրման գործընթացին, որն իրականացվում է միջազգային փորձագետի մասնակցությամբ և տվյալ երկրի ներկայացուցչության հետ համագործակցությամբ: Քարտեզագրումը նպատակ ունի ուժեղացնել ծրագրի ներկայացվածությունը տվյալ երկրում, ակտիվացնել գործընկերային, մասնագիտական հարաբերությունները անդամ պետությունների տարբեր կազմակերպությունների միջև: Քարտեզագրումը ի վերջո նպատակ ունի նպաստել տվյալ երկրի մշակութային ժառանգության ավելի լավ ճանաչմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի ավելի քիչ հանրահռչակված տարածքների ճանաչելիության բարձրացմանը:

Ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհուրդը համաձայնել է 2021 թ.-ին Հայաստանում նույնպես կազմակերպել քարտեզագրման գործընթացը, որի շրջանակում կհրապարակվի նաև մանրամասն զեկույց: Հայաստանի ներկայացվածությունն ամրագրվել է ևս մեկ կարևոր քայլով. հայերեն թարգմանությամբ տեղադրվել է «Մշակութային ուղիներ» ծրագրի գրքույկն ու բուկլետը (https://www.coe.int/en/web/cultural-routes/visibility):

Հիշեցնենք, որ ՀՀ-ն 2015 թ.-ից ԵԽ-ի «Մշակութային ուղիներ» ծրագրի լիիրավ անդամ է: 2019 թ.-ի դրությամբ գործում է 38 հավաստագրված մշակութային ուղիներ: Դրանց թվում է «Գինու ճանապարհներ» կամ ITER VITIS մշակութային ուղին: ԿԳՄՍ նախարարության և «Գինու ճանապարհներ» ֆեդերացիայի (ITER VITIS FEDERATION) միջև օգոստոսի 13-ին կնքված փոխըմբռնման հուշագրի արդյունքում կողմերը պատրաստակամություն էին հայտնել խորացնել համագործակցությունը ծրագրի շրջանակում՝ ապագայում ևս իրականացնելով նպատակային և արդյունավետ նախագծեր: Փոխըմբռնման հուշագրի կարևոր ձեռքբերումներից էր «Արենի-1 քարայր» կոնսորցիումին «Գինու ճանապարհներ» ֆեդերացիայի պատվավոր անդամի վկայականի տրամադրումը, իսկ կարճ ժամանակ անց «Արենի-1» քարայրի պատմության մասին տեղեկատվություն է հրապարակվել ITER VITIS FEDERATION-ի պաշտոնական կայքէջում՝ հանրահռչակելով այն գինու պատմությամբ հետաքրքրվող եվրոպական լայն շրջանակներում:https://itervitis.eu/the-millenial-tradition-of-armenian-viticulture-areni-2/

Ընդլայնված մասնակի համաձայնագրով ԵԽ-ի «Մշակութային ուղիներ»-ը բացառիկ հնարավորություն են ընձեռում բազմամիլիոն եվրոպական լսարանին ճանաչելի և հասանելի դարձնել սեփական երկրի պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև համագործակցել եվրոպական տարբեր կառույցների, մասնագիտական շրջանակների հետ, մասնակցել բազմաբնույթ փոխանակման ծրագրերի, գիտաժողովների և քննարկումների: