Կովկասում՝ Արցախի Հանրապետությունում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, մարդասիրական ճգնաժամ է: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի աջակցությամբ, որ վարձկաններ և զինամթերք է տեղափոխում առաջնագիծ, հրետակոծում են Արցախում գտնվող 150.000 հայերին: Մայրաքաղաք Ստեփանակերտն օրեր շարունակ հրետակոծվում է, չնայած այն հրադադարին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ից: Հրետակոծվում են հիվանդանոցներ, դպրոցներ և եկեղեցիներ:

Աշխարհի մեծ մասը քարտեզի վրա չի կարող գտնել Արցախի տեղը: Իհարկե, աշխարհի մեծ մասը չի կարող գտնել նաև Հայաստանը և Ադրբեջանը: Բայց ես Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ եմ, ես եղել եմ այնտեղ: Խաղաղ ժամանակ ես եղել եմ առաջնագծում, զինվորների հետ կանգնել եմ խրամատում, այցելել եմ դպրոցներ:

Ինչու՞ է Արցախը լարման օջախ: Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախն իր սեփականությունն է՝ վկայակոչելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Մինչդեռ հայերը պնդում են, որ Արցախն իրենցն է՝ ազգերի ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Պատմությունը հայերի կողմից է: 1923 թվականին Իոսիֆ Ստալինն այս տարածքը տվեց Ադրբեջանին` անտեսելով դրա հայաբնակ լինելու փաստը և նպատակ ունենալով խաթարել էթնիկ համերաշխությունը, ինչն էլ իր հերթին, կարող էր խարխլել Խորհրդային Միությունը: Բայց այս շրջանն ուներ հայկական մեծ ժառանգություն, օրինակ՝ միջնադարյան Դադիվանք՝ մոգական ու գեղեցիկ որմնանկարներով:

1988 թվականին այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը քվեարկեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը միացման օգտին: Բայց ԽՍՀՄ-ը փլուզման եզրին էր և չէր կարող խաղաղեցնել հակահայկական բռնությունները, որոնք բռնկվել էին ամբողջ Ադրբեջանում, հատկապես Բաքվում, որտեղ հայերը ջարդերի թիրախ դարձան, և ստիպված էին արտագաղթել Արցախ, Հայաստան, իսկ որոշ դեպքերում՝ Ամերիկա։ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, և հաջորդ երեք տարիներին պատերազմելով՝ ի վերջո, հայերը հաղթեցին: Զոհվեց մոտ 30.000 մարդ, և գրեթե 1 միլիոն մարդ տեղահանվեց:

Նավթ և բնական գազ ունեցող Ադրբեջանը երբեք չի համակերպվել այդ տարածքի կորուստի հետ. տարածք, որտեղ հիմնականում մացառ է, նռան և խաղողի այգիներ: Ավելին, դա միշտ եղել է աստվածաշնչյան «Դավիթ և Գողիաթ» պայքարը. Արցախի 150.000 հայերը պայքարում են 10 միլիոն ադրբեջանցիների դեմ: Այժմ անհամապատասխանությունն ավելի է աճել՝ Թուրքիայի ներգրավվածության պատճառով: «Մարդիկ այստեղ հավատում են, որ ցանկացած պահի կարող են հաղթել արդար պայքարում, բայց սա բոլորովին այլ բան է: Օրինակ՝ ԱԹՍ-երը և օդային հրետակոծությունները, որոնք Թուրքիայի մասնակցության վկայությունն են և մեծ վնաս են հասցնում»,- նշում է Ստեփանակերտում գտնվող Ամերիկայի քաղաքացի Անդրանիկ Գասպարյանը (Անթրանիգ Կասբարյան): Նա շահույթ չհետապնդող «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձու է՝ մի խմբի անդամ, որը փորձում է պայքարել աղքատության դեմ և խթանել կրթությունը Հայաստանում և Արցախում:

Թուրքիան վերակենդանացրել է նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայ քաղաքացիների պարբերական ոչնչացման ուրվականներին` ինչպես ինքն է անվանում, «թրի ահաբեկչական մնացորդներին»՝ ստորացուցիչ եզրույթ հայ, ասորի և հույն փոքրամասնությունների համար, որոնց երիտթուրքերը մեկ դար առաջ փորձեցին բնաջնջել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ նշել է, որ իր հակահայկական օրակարգում որպես դաշնակից է դիտարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Կորոնավիրուսային համաճարակը, ԱՄՆ-ի ելքը համաշխարհային թատերաբեմից և մեր ուշադրության կենտրոնացումը նախագահական ընտրությունների վրա Էրդողանի և Ալիևի համար ապահովեցին կատարյալ քողարկում Արցախի վրա կանխամտածված հարձակման համար:

Այս օրերին շատ չենք խոսում Հալեպի մասին։ Բայց ընդամենը մի քանի տարի առաջ էր՝ 2011 թվականին, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քաղաքը քաղաքացիական պատերազմի պատճառով հայտնվեց թերթերի առաջին էջերում: Ժամանակին ծաղկող քաղաքը հողին հավասարվեց և դարձավ փախստականների ճգնաժամի էպիկենտրոն, որն ազդեցություն թողեց Եվրոպայի մեծ մասի վրա, ինչպես նաև շարժիչ ուժ դարձավ Դոնալդ Թրամփի այլատյաց ընտրական քարոզարշավում (հիշենք «մահմեդականների արգելքը»)։ Հումանիտար ճգնաժամը` Հունաստանի, Հորդանանի և Լիբանանի փախստականների ճամբարները շարունակում են ողողվել մարդկային տառապանքներով։

Եթե Ստեփանակերտը հանձնվի, և Արցախը ապօրինաբար վերադարձվի Ադրբեջանին, ապա աշխարհը կարող է բախվել մեկ այլ Հալեպի՝ 150 հազար փախստականներով հակահայկական արյունահեղությամբ հումանիտար ճգնաժամի, որն ինը տարի առաջ տեսանք Սիրիայի հյուսիսային քաղաք Հալեպում, 1990 թվականին՝ Բաքվում և 1915 թվականին՝ Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում։ Միացյալ Նահանգները պետք է օգնի կասեցնել այս հումանիտար ճգնաժամը հետևյալ քայլերով.

  • Պահանջել, որ ՆԱՏՕ դաշնակից Թուրքիան դադարեցնի զենքի տրամադրումն Ադրբեջանին ու ռազմաճակատ վարձկանների տեղափոխումը:
  • Պնդել, որ Ադրբեջանը և Թուրքիան անհապաղ համաձայնեն հրադադարի հաստատմանը:
  • Ճանաչել Արցախը՝ տալով նրան ավելի մեծ ուժ և ազդեցություն Ադրբեջանի հետ ցանկացած խաղաղ բանակցություններում: (Առայժմ ԱՄՆ յոթ նահանգներ՝ ներառյալ Մասաչուսեթսը, արդեն ճանաչել են այն):
  • Տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ:

Ես նպատակ չունեմ տարածքային ամբողջականության հայեցակարգը նսեմացնել: Բայց որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների զավակ, կարծում եմ՝ պարզ է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը շատ ավելի կարևոր է. հատկապես, երբ այլընտրանքը ոչնչացումն ու բնաջնջումն է:

Քրիս Բոհջալյան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
bostonglobe.com
https://bit.ly/37lSo5o