ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 71 տարեկանում կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ, գեղանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության մեծ ջատագով և նվիրյալ Վահան Քոչարը:

Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին ականավոր լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ընտանիքում:
1965 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցը, 1969 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը:
Վահան Քոչարը հայաստանյան գեղարվեստական լուսանկարչության կարկառուն դեմքերից է. լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում, Բեյրութում, Մոսկվայում, Սալոնիկում, Լոնդոնում։
1998 թվականին «Թանգարան» գրքի համար Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի։ Անգնահատելի է Վահան Քոչարի ներդրումը հայ լուսանկարչության ուսումնասիրության և այդ ժառանգությունը սերունդներին ներկայացնելու գործում: 2007 թվականին լույս է տեսել Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ և լուսանկարներ, իսկ 2019 թվականին արվեստագետի անհատական ջանքերով Երևանում բացվել է Հայ լուսանկարչության թանգարանը, որը կրում է հոր՝ Անդրանիկ Քոչարի անունը: Թանգարանում ներկայացված են աշխարհասփյուռ 14 հայ լուսանկարիչների աշխատանքներ, որոնք հետագծում են հայ լուսանկարչության շուրջ 170-ամյա պատմությունը՝ Կոստանդնուպոլսից մինչ Կանադա, Երևանից մինչև Սան Պաուլո և Իրան:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արվեստագետի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: