ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը: Նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում անվանի ճարտարապետի ընտանիքին, գործընկերներին և ուսանողներին:

Գուրգեն Մուշեղյանը ծնվել է 1934 թվականին, Լենինականում:
1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1962-1964 թվականներին՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետն էր, ապա՝ 1964-1967 թվականներին Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։
1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։
2001-2009 թվականներին եղել է «Երևաննախագիծ» ՓԲԸ գործադիր տնօրենը։ Դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում (պրոֆեսոր)։
1963 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական ԳԱ օտարերկրյա անդամ, Հայաստանի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս:

Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտը (1971 թ., ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979 թ.), Գյումրու օդանավակայանը (1982 թ.), Մարզահամերգային համալիրը (1984 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987 թ.): Գուրգեն Մուշեղյանի ղեկավարությամբ, մասնավորաբար, 1991-1995 թվականներին կազմվել են ՀՀ քաղաքների վճարովի հողօգտագործման, սեյսմիկ գոտիներում քաղաքաշինության համակարգերի կայունության ու հուսալիության նախագծեր, Երևանի 2006-2020 թվականների գլխավոր հատակագիծը: Գուրգեն Մուշեղյանի ավանդն ու թողած ժառանգությունը՝ որպես ճարտարապետի, ուսուցչի, գործընկերոջ միշտ վառ կմնա մտերիմների, գործընկերների, նրան ճանաչող ամեն մարդու և ուսանողների սրտերում: