Թեմական դպրանոց. հիմնադրվել է 1838 թ. հունիսի 22-ին: «Դա աղքատության մեջ ծնված մի փոքրիկ հիմնարկություն էր, որ չի ունեցել նույնիսկ իր սեփական շենքը, այլ տեղավորված է եղել մի մասնավոր մարդու տանը: Սկզբում ունեցել է մոտ 20 աշակերտ: Առաջին ուսուցիչները հանձն են առել այնտեղ պարապել առանց վարձատրության»: 1852 թ. նոյեմբերին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի կարգադրությամբ դպրանոցը փակվում է: Վերաբացվում է երեք տարի անց նույն կաթողիկոսի թույլտվությամբ: 1863 թվականին, շնորհիվ նորանշանակ տեսուչ Պետրոս Շանշյանի ներդրած ջանքերի, դպրանոցը ենթարկվում է արմատական փոփոխությունների:

Մարիամյան օրիորդաց դպրոց. բացվել է 1864 թ. ապրիլի 7-ին: Այն օրիորդաց հնագույն դպրոցներից էր, որով էլ հիմք է դրվել Արցախում աղջիկների կրթության գործին: Դպրոցի կանոնադրությունը մշակել են Եղիշյան Ազգային հոգևոր դպրոցի տեսուչ Պետրոս Շանշյանն ու Պերճ Պռոշյանը: Դպրոցի բացմանը մեծապես նպաստել է նաև շուշեցի Մարիամ Հախումյանը: Դասերն ընթացել են Հախումյանների տան 5 սենյակներում: Տեսուչ է նշանակվել Պետրոս Շանշյանը, տեսչուհի՝ Մարիամ Հախումյանը, իսկ վերակացու՝ կույս Եղիսաբեթ Սիմոնյանը: Դպրոցը, սակայն, երկար չի գործել: Արդեն 1872 թ. փակված հաստատության մասին նշվում է, որ այն «...զոհ եղավ խարդախ մարդոց ինտրիգներին»:

Հռիփսիմյան իգական դպրոց. հայտնի է, որ Մարիամյան դպրոցի փակվելուց որոշ ժամանակ անց` 1876 թվականին, Արիստակես վարդապետ Սեդրակյանի ջանքերով քաղաքում բացվում է իգական դպրոց և կրում Հռիփսիմյան անունը: Հաջորդ ուստարում դպրոցն ուներ 4 ուսուցիչ և 70 աշակերտուհի: Վերջիններիս թիվը 1881 թվականին արդեն հասել է 120-ի: Բացումից մեկ տարի հետո նորաբաց Հռիփսիմյան դպրոցն իր ճակատագիրը կապում է թեմական դպրոցի հետ. «...օրիորդաց դպրոցը նեցուկ ունէր թեմական դպրոցի նիւթական աղբիւրները......»: 1884 թ. դպրոցը գործել է 13 ուսուցիչներով և 171 աշակերտուհիներով: Մեկամյա (1885-1886 թթ.) ընդմիջումից հետո Մովսես Մանվելյանի տեսչության ներքո բացվել է որպես երկդասյա իգական դպրոց: 1888 թ. դպրոցում ուսանել է 199 աշակերտուհի, իսկ 1891 թվականին միջնակարգ դասընթացով գործող դպրոցը վերափոխվել է քառամյայի: 1896 թվականին այն փակվել է ցարական կառավարության հրամանով և վերաբացվել՝ 1906 թ. փետրվարին: 1908-1909 ուսումնական տարում երկսեռ կրթօջախը գործել է 5 բաժանմունքով. ուներ 218 սան (29-ը՝ տղա):

Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու երկսեռ դպրոց. դեռևս 1860-ական թթ. Շուշիի թեմական դպրոցի նորընտիր հոգաբարձությունը որոշում է կայացրել քաղաքի 4 եկեղեցիներին կից բացել ծխական դպրոցներ, սակայն շենքային հարմարություններ չունենալու պատճառով այն չի իրագործվել: Միայն գրեթե 40 տարի անց՝ 1908 թվականին, Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու գավթում հիմնադրվել է երկսեռ դպրոց, որը 1912 թվականին ուներ 60 աշակերտ:

Մեղրեցոց Սբ Աստվածածին եկեղեցու արական դպրոց. գտնվում էր Սբ Աստվածածին եկեղեցու գավթում: Բացման ստույգ տարեթիվը դեռևս հստակ չէ, սակայն 1873 թ. դրությամբ ուներ 26 աշակերտ: 1884 թ. ուներ 1 ուսուցիչ և 40 աշակերտ: Վերաբացվել է 1907 թվականին: 1908-09 ուսումնական տարում գործել է 2 բաժանմունք՝ 70 աշակերտով: 1912 թվականին ուներ 70 աշակերտ: 1913 թ. դպրոցը վերանորոգվում է Թ. Խաչինյանցի նյութական միջոցներով (3000 ռուբլի), որի համար էլ նույն թվականին նա արժանացել է հայրապետական կոնդակի: 1915 թ. դպրոցն ուներ 3 ուսուցիչ և 126 աշակերտ: