ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ օտարերկրյա պետություններում գործող մի շարք հայագիտական միավորումների և կենտրոնների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հեռավար հանդիպում։ Ներկայացվել են սեպտեմբերի 27-ից Արցախում Թուրքիայի հովանավորությամբ և աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, ռազմական ագրեսիային զուգահեռ Ադրբեջանի կողմից ահաբեկիչ-վարձկանների ներգրավումը և հրադադարի պայմանավորվածության խախտումները, որոնց ընթացքում թիրախավորվում է Արցախի խաղաղ բնակչությունը, հրետակոծվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, կրթական, մշակութային և հոգևոր կառույցները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունը միջազգային տարբեր հարթակներում շարունակաբար բարձրաձայնել է Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների, միջազգային մի շարք կոնվենցիաների խախտումների մասին։ Նախարարի տեղակալը հայագիտական կենտրոնների ղեկավարներին և դասախոսներին կոչ է արել իրականացնել հետևողական և հասցեական աշխատանք՝ միջազգային հանրությանը տրամադրելով հավաստի և համապարփակ տեղեկություն հակառակորդի կողմից կրթամշակութային հաստատությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին: Արթուր Մարտիրոսյանը նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել արտերկրում գործող համալսարանական և հայագիտական կենտրոնների բոլոր նախաձեռնություններին: Հեռավար հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց գործունեությունը, միաժամանակ կարևորելով աշխարհի տարբեր ուսումնական կառույցներում գործող հայագիտական կենտրոնների ջանքերի համադրման անհրաժեշտությունը՝ ի շահ համահայկական խնդիրների։