Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները, այդ թվում` թանգարանները, պարբերաբար հյուրընկալում են իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին և նրանց ժամանցն ապահովելու համար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր:

Փոքրիկ այցելուների համար թանգարաններն անցկացնում են շրջայցեր, ծանոթացնում թանգարանի մշակութային միջավայրին:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ինտերակտիվ շրջայցի մասնակիցները մեծ ոգևորությամբ դիտել են թանգարանի ցուցադրությունը՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով, Վարպետի այգում հետաքրքիր ուսուցողական զրույց-քննարկում ունեցել Իսահակյանի՝ Արցախ այցելության և նրա Արցախյան հուշերի մասին:

Հովհ. Թումանյանի թանգարանում կազմակերպված կրթական տարբեր ծրագրերի շրջանակում երեխաները ծանոթացել են Թումանյանի հեղինակած հայրենագիտական ինտելեկտուալ խաղերին, այդ թվում՝ «Հայոց գետերը», «Հայկական առածների լոտո», «Թանկագին քարեր» և այլն: Իսկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելած երեխաները բացահայտել են նվագարանների աշխարհը, մասնակցել «Զար զընգը» կրթական ծրագրին:

Հայաստանի ազգային պատկերասրահի Գիտակրթական բաժինը անցկացրել է «Սասունցի Դավիթ» կրթական ծրագիրը, գրաֆիկական թերթի ուսումնասիրման միջոցով մասնակիցներին ծանոթացրել գրաֆիկայի տեխնիկաներին, հայկական էպոսի ստեղծման պատմությանը, ինչպես նաև վերլուծել են Սասունցի Դավթի կերպարը։

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան այցելած արվեսատասեր պատանիները հանդես են եկել խաղաղության յուրօրինակ կոչով. մեծանուն կոմպոզիոտորի ստեղծագործական ժառանգությանը ծանոթանալուց և «Վիրտուալ դիրիժոր» կրթական ծրագրին մասնակցելուց հետո երեխաներն օրն ամփոփել են իրենց ձեռքով խաղաղության տորթերի պատրաստմամբ՝ ևս մեկ անգամ կոչ անելով ապրել խաղաղ, առանց պատերազմերի: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը «Հեքիաթերեն» մանկական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հետ համատեղ արցախցի փոքրիկների համար կազմակերպել է ինտերակտիվ ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը», «Շունն ու կատուն» և «Ճամփորդները» հեքիաթների հիման վրա:

Նշենք նաև, որ արցախցի երեխաներին կրթական ծրագրերով հյուրընկալել են նաև Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանները: