2020 թ. սեպտեմբերի 27-ից՝ Արցախում պատերազմի սկսվելու օրվանից Հայաստանում են գտնվում Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի դասախոս, հայագետ Յասմին Դում-Տրագուտը և նրա ասպիրանտ Միխայել Գասները: Հայաստան գալու նրանց նպատակը Սյունիքի պատմական «Հաբանդ» գավառի գյուղերի և Սյունիքի 17-րդ դարի կուսանոց անապատների վերաբերյալ հետազոտությունն էր, որը կանխվել է պատերազմի պատճառով։

Գիտական հետազոտության փոխարեն պատերազմի առաջին իսկ օրից Յ. Դում-Տրագուտն ակտիվորեն լծվել է Հայաստանից Ավստրիա տեղեկություններ փոխանցելու գործին։

Ֆեյսբուքյան Feldforschung Armenien 20 https://www.facebook.com/FeldforschungArmenien20/ էջում Տրագուտը գերմաներենով իր տպավորություններն է գրում՝ ավելի քան 5000 ընթերցողների ապահովելով ականատեսի վկայությունն այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։

Նրա անմիջական դիմումով Kathpress կաթոլիկ մամուլի գործակալությունը պատրաստվում է հրապարակել երեք ծավալուն զեկույցներ՝ այս օրերին հայաստանյան մամուլում տեղ գտած արցախյան իրադարձությունների վերաբերյալ։

Ավստրիական Salzburger Nachrichten օրաթերթը հրապարակել է Յ. Դում-Տրագուտի հետ հարցազրույց, որտեղ նա ավստրիական հասարակությանը պատմել է Արցախում կատարվածի վերաբերյալ։ Պատերազմական իրադարձությունների մասին նա խոսել է նաև ավստրիական հանրային ռադիոյով։ Սպասվում է ևս մեկ հաղորդում: Ավստրիական մամուլի գործակալության հետ հարցազրույցը կհրապարակվի առաջիկա օրերին:

Յ. Դում-Տրագուտի հաղորդագրությունները տեղ են գտնում նաև Ֆեյսբուքի PRO ORIENTE էկումենիկ հիմնադրամի, Զալցբուրգի համալսարանի կաթոլիկ ֆակուլտետի էջերում, Զալցբուրգի համալսարանի կայքում։ Յասմինը նաև փորձում է գրավել Ավստրիայի կառավարության ուշադրությունը: Նա նամակներով դիմել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին, կանցլեր Սեբաստիան Կուրցին և Ավստրիայի Ազգային Խորհրդին: Այս պահին նա նաև փորձում է համախմբել հայտնի ավստրիացի դերասանների, երգիչների, գրողների և երաժիշտների՝ ի պաշտպանություն Արցախի: Իսկ Զալցբուրգում նրա ուսանողներն արդեն սկսել են Հայաստանի և Արցախի համար գումար հավաքել:

Հոկտեմբերին համալսարանում սկսվում են դասերը և երկուշաբթի օրվանից Յասմինը Երևանից հեռավար կարգով սկսել է իր դասախոսությունները։ Զալցբուրգի համալսարանի ուսանողների համար նրա դասախոսությունները, վստահաբար, ևս մեկ առիթ կհանդիսանան՝ պատմելու հակաահաբեկչական պատերազմի և հայկական ճշմարտության մասին։ Հայագետ դասախոսը հավատացնում է, որ Ավստրիա վերադառնալուց հետո էլ իր ուսանողների հետ շարունակելու է աջակցություն ցուցաբերել Արցախին ու Հայաստանին։