ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ռազմական դրության պայմաններում իրականացնելով դրանից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները, միևնույն ժամանակ հետևողականորեն առաջ է տանում նաև այլ ծրագրեր, հատկապես՝ ուղղված ուսուցիչների խրախուսման, մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը։ Ուսուցչի օրվան ընդառաջ, ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, ընթացակարգը և ժամանակացույցը:

Ծրագրի նպատակն է՝ խրախուսել լավագույն մասնագետների մուտքը դպրոց՝ զուգահեռաբար ապահովելով արդեն գործող ուսուցիչների մասնագիտական զարգացումը և նպաստելով լավագույն ուսուցիչների հայտնաբերմանը և խրախուսմանը՝ փորձարկելով և ներդնելով վարձատրության նոր մեխանիզմներ: Առաջարկվում է կամավոր ատեստավորման միջոցով իրականացնել ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգում՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը:

Կամավոր ատեստավորումը որոշակի ժամանակահատվածում կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ և ուսուցիչներին աշխատավարձի բարձրացման հնարավորություն կընձեռի: Մասնավորապես, կամավոր ատեստավորման արդյունքում` 90 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան աշխատավարձի 50 տոկոսի չափով ավելացում: 80 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով ավելացում, 60-79 տոկոս արդյունավետություն ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` առանց աշխատավարձի բարձրացման: Ավելի ցածր արդյունավետության դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման մեկ տարի անց:

Ժամանակացույց

  • Առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 10-12-րդ դասարաններում հայոց լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար:
  • Երկրորդ տարում՝ 10-12-րդ դասարաններում մյուս առարկաները դասավանդող ուսուցիչների համար, ինչպես նաև 5-9-րդ դասարանների հայոց լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարվանից սկսած ատեստավորման այս եղանակը կգործի իբրև պարտադիր համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 10-12-րդ դասարաններում:
  • Երրորդ տարում 1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարների և 5-12-րդ դասարաններում այլ առարկաներ դասավանդող ուսուցիչների համար: Երրորդ տարվանից սկսած ատեստավորման այս եղանակը պարտադիր կլինի համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 5-9-րդ դասարաններում:
  • Չորրորդ տարում ատեստավորման այս եղանակն անցկացվելու է նույն սկզբունքով 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար: Ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող նոր համակարգ մտնող ուսուցիչների համար:

Ծրագրով առաջարկվում է վերանայել ուսուցչի որակավորում շնորհող մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունների կարգավիճակը, ընդունելության պայմանները և ծրագրերը, ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման և տարակարգերի շնորհման համակարգերը:

Մշակվել է նաև ուսուցչի կամավոր ատեստավորման անցկացման ընթացակարգը: Ըստ այդմ, սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով` գրավոր, որի արդյունքը հիմք կհանդիսանա ուսուցչի վարձատրության բարձրացման: Հաստատվելուց հետո ծրագիրն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: