50 տարեկանում կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը:
Արտակ Մովսիսյանը մեծ վաստակ ունի գիտական կյանքում, մասնավորապես նրա գրչին են պատկանում հայոց պատմության հնագույն շրջանին առնչվող երկու տասնյակից ավելի մենագրություններ, պատմագիտական ուսումնասիրություններ, հինգ փաստագրական ֆիլմեր և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածներ, ձեռնարկներ ու հրապարակումներ:
Վաստակավոր պատմաբանը ծնվել է 1970 թ. Աբովյան քաղաքում:
1990-1994 թ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 1994-1997 թթ. շարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ)» մեհենագրությունը» ատենախոսության պաշտպանությամբ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2015 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Արտակ Մովսիսյանը 1997 թվականից որպես գիտաշխատող աշխատում էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում (2004 թվականից՝ ավագ գիտաշխատող):
1991-1997 թթ. որպես գիտաշխատող աշխատել է նաև Հայաստանի պատմության պետական թանգարանում:
2016 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչն էր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Արտակ Մովսիսյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: