Ռազմական դրության պայմաններում դպրոցների անվտանգությունը բարձրացնելու և տարբեր ռիսկերի ու աղետների դիմակայելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ։
Դրամաշնորհը կտրվի աղետների ռիսկի կառավարման կամ նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների՝ ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար։ Հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ։ Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը 2372.2 մլն ՀՀ դրամ է: Մրցույթին կարող են մասնակցել մարզերի այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք սահմանված կարգով մշակել և հաստատել են վերոնշյալ պլանը։ Խրախուսվում է հատկապես սահմանամերձ համայնքների դպրոցների մասնակցությունը, որոնք անվտանգության ամրապնդման անհրաժեշտություն ունեն։ Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ներկայացնի հաստատությանը սպառնացող ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման միջոցառումների ծրագիր: Հայտերն ընդունվում են 2020 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 3-ը։
Դրամաշնորհի մրցույթն իրականացվում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի` «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում: