Սեպտեմբերի 26-27-ը Կիևում կայացել է Ukraine International Cup 2020 միջազգային մրցաշարը, որին մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մասնակցել են Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Վահագն Դավթյանը: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տևական դադարից հետո անցկացված մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները թիմային պայքարում գրավել են 2-րդ տեղը՝ զիջելով միայն Ուկրաինայի հավաքականին: Երրորդ տեղը զբաղեցրել է Իսրայելի թիմը:

Առանձին գործիքների եզրափակիչներում Վահագն Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել օղակներ վարժությունում: Նույն վարժությունում Արթուր Դավթյանն արժանացել է արծաթե մեդալի: Վերջինս 2 բրոնզե մեդալ էլ նվաճել է հենացատկում և զուգափայտերում: Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը 4 մեդալ է նվաճել` օղակների վրա, հենացատկում և զուգափայտերում արժանանալով բրոնզե մեդալի, իսկ նժույգթափերի վրա՝ արծաթե:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ամփոփելով մրցաշարի արդյունքները, նշել է, որ գոհ է մարմնամարզիկների ելույթներից: «Հաշվի առնելով, որ սա համավարակով պայմանավորված երկարատև մարզումային և մրցումային դադարից հետո առաջին ելույթն էր` գոհ եմ: Թիմային պայքարում Իսրայելի նման հավաքականին շրջանցելն ու երկրորդ տեղը զբաղեցնելը շատ լավ ցուցանիշ է»,- ասել է մարզիչը: