Հարգելի՛ հայրենակիցներ, անցնող 29 տարիներին Արցախը համայն հայության ուշադրության կիզակետում է: Ադրբեջանի սանձազերծած հարձակումները կրկին եկան հաստատելու, որ թշնամին շարունակում է իր վայրագ արարքները` մինչև չստանա կատարյալ ու ջախջախիչ հարված: Մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, համազգային պարծանք հանդիսացող մեր Բանակին: Մեր բոլոր հնարավորությունները կներդնենք` վերջնականապես դիմադրելու անխոհեմ և անգութ թշնամուն:

Սիրելի՛ արցախցիներ, մեր հերոսական ժողովուրդ, մեր աննկուն և անկոտրում հայրենակիցներ, ձեզ հետ է ամբողջ հայությունը, ձեզ հետ են կրթության նվիրյալները՝ իրենց դաստիարակած սերունդների զորակցությամբ։ Արցախի հրաշագործ ժողովրդին է բաժին ընկել մեր պատմության ամենահերոսական էջերը գրելու պատմական սուրբ ու նվիրական առաքելությունը, և դուք այն պատվով եք կատարում։

Հազար ու մի հողմ է բախվել մեր հազարամյա պատմությանը, բայց նորից կերտել եք Դադիվանք ու Ծիծեռնավանք, Ամարաս ու Գանձասար, նորից ծնել, նորոգել մեր տունը, շենացրել մեր Արցախը, տնկել մեր այգին։ Որպես կրթության մշակներ` մենք հայոց բանակի զինվորների կողքին ենք, որոնց ոգիներում դրոշմված են ազատատենչությունն ու անշահախնդիր հայրենասիրությունը: Ոչ ոք չի կարող ճնշել հայի ազատ կամքն ու մարտունակ ոգին:

Փա՜ռք Հայոց բանակին:
Փա՜ռք մեր հայրենիքին: