ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել հուշարձանագետ (հետմահու) Սամվել Կարապետյանը, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, լրագրող, թարգմանիչ Մադլենա Գարագաշյանը (Ռումինիա), գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը: «Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգևատրվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը:

Մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչման է արժանացել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանը:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչման են արժանացել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գրիգոր Խաչատրյանը, Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնիդերասան Մակիչ Մարգարյանը:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման է արժանացել Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակի ուսուցիչ Նոռա Այվազյանը:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Անի Կարապետյանն իր և ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել նախագահին պատվավոր պարգևի համար և նշել. «Մեծ հպարտություն եմ զգում հայրիկիս հայրենանվեր աշխատանքի համար, որին անմնացորդ նվիրեց իր ամբողջ կյանքը։ Անսահման մեծ է կորստի ցավը, բայց այն միայն իմը չէ, այլ հայրենիքի ուրախությամբ ու ցավով ապրող յուրաքաչյուրինը։ Անմահ է իր արած գործը, որը կշարունակվի, կփոխանցվի ապագա սերունդներին և հայ ազգն իր պատմության էջերում միշտ կհիշի հայրենի հողը կյանքից ավելի սիրող Սամվել Կարապետյանին»:

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն ընդգծել է, որ ոգեշնչող է հարազատ երկրում, պետական մակարդակով նման գնահատանքի արժանանալը. «Արդեն երկար տարիներ իմ երաժշտությունն անընդմեջ հնչում է և՛ Հայաստանում, և՛ աշխարհով մեկ, կատարվում, պատվիրվում են համաշխարհային մեծանուն մենակատարների, նվագախմբերի, երգչախմբերի կողմից՝ ամենահեղինակավոր դահլիճներում: Հեղինակ եմ 100-ից ավելի ստեղծագործությունների, այդ թվում՝ երեք բալետի, օպերայի: Երբևէ հետամուտ չեմ եղել որևէ պարգև ստանալու Հայաստանում, թեպետ երբեմն զարմանում էի: Հաճելի և ոգեշնչող է, երբ նաև հարազատ երկրում, ամենաբարձր պետական մակարդակով գնահատում են քո աշխատանքը, արվեստը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրի նոր ղեկավարությանը, նախագահին, բոլոր աջակիցներին՝ մեծն Մովսես Խորենացու անունը կրող պարգևին՝ շքանշանին արժանանալու համար»: