Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի է ունեցել ՄԿՈւ ուսանողների միջև անցկացված «Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» խորագրով մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը։
Մրցույթն իրականացվել է «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում» գերմանական ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մրցանակների հանձնման արարողության ժամանակ խրախուսական նվերներ, պատվոգրեր են հանձնվել առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված, ինչպես նաև ժյուրիի խրախուսական մրցանակին և համակրանքին արժանացած 14 ուսանողների։ Միջոցառման մասնակիցները նաև ծանոթացել են «Վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների» լաբորատորիայի զրուցարան-տաղավարի կառուցման աշխատանքներին։ ՀՀ ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամին և «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ին, նշել է, որ ընդամենը չորս ամսվա ընթացքում «Ցածր ածխածնային էներգիայի ուսումնական կենտրոնների հիմնում երիտասարդ մասնագետների համար» ծրագրի ներդրման արդյունքներն արդեն ակնհայտ են։ «Նմանատիպ ծրագրեր իրականացվում են հանրապետության չորս ուսումնական հաստատություններում, և ապագային միտված մասնագիտություն ձեռք բերելու առումով սա շատ կարևոր ձեռքբերում է»,-նշել է նա։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ Մարինե Ժամկոչյանը, «Ֆերտի» բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Սահակյանը, տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ։