ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 2020 թ. սեպտեմբերի 8-10-ը Փարիզում տեղի ունեցած 8-րդ Գլխավոր վեհաժողովին «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում` որպես միջկառավարական Կոմիտեի խորհրդատու կազմակերպություն։
«Հազարաշեն» ԱՀՀԿ հասարակական կազմակերպությունն իրականացնում է հայ ժողովրդի մշակութային ժառանգության, ավանդական ու արդի մշակույթի, կենցաղի, ինքնության և աշխարհընկալման, սովորույթների և բարքերի ազգաբանական հետազոտություններ, ազգային ժողովրդական տոների, ծեսերի հանդիսությունների վերականգնման և այլ գործընթացներ:
Նշենք, որ միջկառավարական Կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիայի գլխավոր մարմիններից է և բաղկացած է տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամ երկրներից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:
Հասարակական կազմակերպության գրանցման հետ կապված մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://ich.unesco.org/en/accredited-ngos-00331