ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մենք ենք, մեր կարերը» ծրագիրը, որը միտված էր մոռացության մատնված հայկական կարատեսակների ուսուցմանը, տարածմանն ու փոխանցմանը:
Ծրագրին մասնակցել են ավելի քան 20 կանայք Երևանից, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Ցողամարգ գյուղից, ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս և Մերձավան համայնքներից, ՀՀ Լոռու մարզի, Լոռի բերդ խոշորացված համայնքի Ուռուտ գյուղից և Արցախի Հանրապետության Շուշի քաղաքից:
Ծրագրի նպատակն էր ներկայացնել հայկական ասեղնագործ արվեստի, կարատեսակների, զարդանկարների ձևի և բովանդակության միաձույլ ամբողջականությունը, ապահովել դրա փոխանցումն ու կենսունակությունը, ինչպես նաև առցանց տարածումը:
Ծրագրի շրջանակում ուսուցանվել են հետևյալ 10 կարատեսակները՝ «Շարակար ասեղնագործություն», «Ոսկեթել և ոսկեքուղ ասեղնագործություն» (Քուղակար), «Հյուսքային ժանյակ», «Մաքոքի գործ», «Մարաշի հյուսված կար», «Խաչկար ասեղնագործություն», «Հայկական ասեղնագործ ժանյակ», «Վերադիր ասեղնագործություն» (Քիլիս), «Այնթապի ասեղնագործություն», «Մարաշի հարթակար»:
Նկարահանվել են ուսումնական հոլովակներ վերը նշված կարատեսակների վերաբերյալ, որտեղ ասեղնագործող վարպետները ներկայացնում են կարատեսակների ծագման պատմությունը, կատարման տեխնիկաները, գաղտնիքներն ու նրբությունները։
Տեսադասերը հասանելի են «Տերյան մշակութային կենտրոնի» յություբյան ալիքում :