Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա համերգով։ Սեպտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին ՀՊԿՆ-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում հանդես կգա այս համերգաշրջանի անդրանիկ համերգով։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները։ Ի դեպ, Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին կմիանա երիտասարդ տաղանդավոր ջութակահար Օվսաննա Հարությունյանը։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը մշտապես ճանապարհ է հարթում երիտասարդ երաժիշտների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ։ Նվագախումբը բազմիցս է ներկայացրել հայ տաղանդավոր երաժիշտներին՝ «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակում։ Օվսաննա Հարությունյանը ՀՊԿՆ-ի երաժիշտների հետ ելույթ է ունեցել 2020 թ․ ամռանը «ՕՊՈՒՍ 5» միջազգային փառատոնի շրջանակում՝ կատարելով Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը (3-րդ ջութակ):
Օ. Հարությունյանը մասնակցել է տարբեր մրցույթների Հայաստանում և արտերկրում, արժանացել բազմաթիվ մրցանակների։ 2019 թ. ամռանը դասընթացներ և վարպետության դասեր է ստացել «Conservatoire Valence Romans Agglo»-ի (Ֆրանսիա) ամառային դպրոցում: 2019 թ. ներառված է Չայկովսկու անվան դպրոցի նվագախմբում, ելույթ է ունեցել Ժնևի կոնսերվատորիայի և Վալանսի կոնսերվատորիայի նվագախմբերի միավորված համերգներին: 2017 թ. ընդգրկվել է «Երևան» երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում:
2016 թ. ընդգրկվել է «Beacons Project» նախագծում, որի շրջանակում մասնակցել է մի շարք համերգների Հայաստանում, Ստամբուլում՚ հանդես գալով ինչպես մենակատար, այնպես էլ ժողովրդական նվագարանների անսամբլի կազմում: