ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Նոր մարտահրավերներ, հեռակա ավանդական ասեղնագործության դասընթացներ սիրիահայ և տեղացի կանանց համար» ծրագիրը, որը շարունակությունն էր նախորդ` 2019 թ. իրականացրած «Ասեղնագործությունը որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագրի:
Համավարակի պայմաններում ծրագիրն իրականացվել է առցանց։ Դասընթացներին ներգրավված էին 24 մասնակից՝ տեղացի և սիրիահայ կանայք:

Ներկայում ձեռարվեստը սիրիահայ կանանց համար դարձել է մասնագիտացում և եկամտի աղբյուր։ Ծրագրի շրջանակում անցկացվել են թաղիքագործության, գոբելենի և շյուղագործության ուսուցում: Մասնակիցները հնարավորություն են ունեցել խորացնելու ձեռարվեստի իրենց գիտելիքները, իսկ հետագայում ձեռք բերած հմտությունները օգտագործել նոր արժեքներ ստեղծելու և տարածելու ուղղությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել սիրիահայ ձեռարվեստի, որպես հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության մի ինքնատիպ ուղղության զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև սիրիահայ կանանց այդ ոլորտում ունեցած հմտությունների կատարելագործմանը և փոխանցմանը: