Օշականի մշակույթի պալատում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը:

Ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտությունների (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը: 45 երիտասարդի հնարավորություն է տրվել ուսանելու իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու և սովորածը հանուն հայրենիքի զարգացման ներդնելու պարտադիր պահանջով:

Կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հիմնադրամի բարերարներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ և տարբեր տարիների կրթաթոշակառուներ:

Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է նախարար Ա. Հարությունյանի՝ ուսանողներին ուղղված ողջույնի խոսքը. «Սիրելի՛ ուսանողներ, աշխարհում կատարվող վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ թե՛ համաճարակների ու արհավիրքների, թե՛ մարտահրավերների ու անսպասելի շրջափուլերի պայմաններում պայքարելու և հաղթանակած դուրս գալու լավագույն պայմանը գիտելիքով զինված քաղաքացի ունենալն է, որը գիտի ինչպես պատրաստվել, դիմակայել և օգտակար լինել պետությանը։ Այս ծրագիրն առավել քան միտված է այդ նպատակին։ Շնորհակալ ենք «Իմ քայլը» հիմնադրամին՝ հանուն հայրենիքի բարօրության և կայուն ապագայի կրթության դերի այսչափ կարևորման և իրագործվող բոլոր նախագծերի համար»։

Միջոցառման ավարտին ուսանողներին հանձնվել են կրթաթոշակների հավաստագրերը։