Մինսկում կայացած մրցույթում Հայաստանը ներկայացել էր չորս գրքով և զբաղեցրել մրցանակային տեղեր:

2020 թվականի սեպտեմբերի 4-ին մեկնարկել է Մոսկվայի գրքի 33-րդ ամենամյա տոնավաճառը, որի շրջանակում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 17-րդ մրցույթի պաշտոնական մրցանակաբաշխությունը: Համավարակի պատճառով այս տարի ԱՊՀ երկրները մրցույթին և մրցանակաբաշխությանը մասնակցել են հեռավար:

Հայաստանյան մրցանակակիրներին մրցանակային դիպլոմները կփոխանցվեն ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան միջոցով:

2020 թվականի օգոստոսի 19-20-ը Մինսկում կայացած վերոնշյալ մրցույթում Հայաստանը ներկայացել էր չորս գրքով՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր համապատասխան չորս անվանակարգում.

  1. ԳՐԱՆ ՊՐԻ - Սեն Հովհաննիսյանի «Atlas of Armenia», «Նահապետ» հրատարակչություն, նաև Հատուկ մրցանակ՝ «Գիտություն և կրթություն» անվանակարգում:
  2. «Փոխադարձ բարեկամություն» - «MAESTRO. Սերգեյ Փարաջանով», «Անտարես» հրատարակչություն, 2-րդ տեղ:
  3. «Իմ երկիրը» - «Իմ Երևան» ֆոտոալբոմ, «Անտարես» հրատարակչություն, 2-րդ տեղ:
  4. «Նկարազարդումների արվեստ» - «Հեթում Բ արքայի ճաշոցը», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» հրատարակչություն, 2-րդ տեղ:

Նշենք, որ մրցույթի հայաստանյան ներկայացուցիչն այս տարի Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Մարգարետ Ասլանյանն էր, որը նաև ժյուրիի անդամ էր: